Հասարակություն

Մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը 6 կետով բարելավել է ցուցանիշը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել Է 2024 թվականի մամուլի ազատության ինդեքսը:

Զեկույցի համաձայն՝ 180 երկրների մեջ ամենաազատ մամուլը Նորվեգիայում է, որին հաջորդում են Դանիան, Շվեդիան, Նիդեռլանդները և Ֆինլանդիան: Հայաստանը այս շարքում բարելավել է ցուցանիշը նախորդ տարվա համեմատ՝ 6 կետով և 49-րդ հորիզոնականի փոխարեն զբաղեցրել է 43-րդ հորիզոնականը։

«Չնայած բազմակարծության միջավայրին, լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես Լեռնային Ղարաբաղի տարածքային վեճի և Ադրբեջանի հետ շարունակվող պատերազմի սպառնալիքի հետ կապված»,- ասվում է զեկույցում։

Ըստ զեկույցի՝

  • Այնուամենայնիվ, հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը, որոնք կապված են հիմնական քաղաքական և կոմերցիոն շահերի հետ, շարունակում են ճնշումների ենթարկվել իրենց խմբագրական քաղաքականության հետ կապված:
  • Լրատվամիջոցների բևեռացումը արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը. շատ լրատվամիջոցներ մոտ են 2018 թվականից հետո ի հայտ եկած քաղաքական առաջնորդներին, իսկ մյուսները հավատարիմ են մնում նախկին օլիգարխներին:
  • Միայն մի քանի լրատվամիջոցներ են անկախություն ցուցաբերում:
  • Ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի հետևում եվրոպական չափանիշներին:
  • Լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ կանգնած մարդկանց կողմից կամ նրանց աջակցող ազդեցիկ հասարակական գործիչների։
  • Լրագրությունը՝ որպես մասնագիտություն, ենթարկվում է արհամարհանքի և հատկապես հաճախ ենթարկվում է ատելության խոսքի։ Քաղաքական էլիտաների «անտիմեդիա» հռետորաբանությունը, որոնք լրագրողներին մեղադրում են «կոռուպցիայի» և իրենց հակառակորդների ծառայության մեջ, ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը:

Տարածաշրջանի երկրներից նկատելի անկում է գրանցել Վրաստանը, որն ըստ զեկույցի նահանջել է 26 տեղով՝ 77-րդ տեղից հայտնվելով 103-րդ հորիզոնականում։

Հատկանշական է, որ Ուկրաինան, չնայած շարունակվող պատերազմին, 18-կետանոց առաջնընթաց է գրանցել։