«Ու՞ր գնալ հանգստանալու» շարքի հաջորդ կանգառը Ստեփանավան քաղաքն է։ Մինչ Radar Armenia-ն կներկայացնի Ստեփանավանի տեսարժան վայրերը՝ նշենք, որ Ստեփանավանը գտնվում է Հայաստանի հյուսիսում՝ Լոռիում: Ստեփանավանը մեր երկրի առողջարանային բնակավայրերից մեկն է։ Քաղաքը շրջապատված է սոճու խիտ անտառներով։
Ստեփանավանի ամենահայտնի տեսարժան վայրերից է Դենդրոպարկը, որը քաղաքից մոտ 10 կմ հեռավորության վրա է գտնվում։ Սոճուտը Հայաստանի առաջին դենդրոպարկն է: Այստեղ աճեցվում են աշխարհի տարբեր անկյուններից բերված ծառեր ու թփեր։ Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Այն բաղկացած է բնական անտառից, զարդանախշերով բույսերից, փոքրատերև լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից: Դենդրոպարկի հարևանությամբ գործում է «Սոչուտ» առողջարանը։ Դենդրոպարկն ու առողջարանը զբոսաշրջիկների և հանգստացողների ամենասիրելի վայրերից են։
Ստեփանավան այցելելից այնպայման բաց չթողնեք Կոմունիստների քարանձավները։ Ստեփանավանի մոտակայքում՝ Ձորագետի կիրճում՝ Մայորի ձորում է գտնվում է Կոմունիստական քարանձավը։ Մինչ քարանձավին հասնելը ճանապարհին կարող եք տեսնել ջրվեժը։ Ըստ ժողովրդական պատումների՝ Ստեփան Շահումյանը և նրա բոլշևիկ ընկերները գաղտնի հանդիպել են այստեղ: Եվ հենց այդ պատճառով էլ այստեղ տեղադրվել է Ստեփան Շահումյանի արձանը, իսկ աստիճաններն առաջնորդում են դեպի կոմունիստների քարանձավները։
Ստեփանավանի այցեքարտերից է Լոռի բերդը, որը գտվնում է Ստեփանավանից 4 կմ հեռավորության վրա:
Հենց այստեղ են գտնվում միջնադարյան Լոռի անունը կրող բնակավայրի ավերակները։ Բնակավայրը տեղակայված էր Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում, որտեղ էլ կառուցվել է անառիկ Լոռի բերդը։ Նրա պաշտպանական պարիսպը ձգվում է 200 մ, իսկ արդեն այսօր կարող եք տեսնել միայն քաղաքային կառույցների ավերակները:
Լոռի բերդից ոչ հեռու կարող եք տեսնել Ուռուտ գետի վրա տեղակայված հնագույն կամուրջը: Այն կամարաձև շինված կամուրջ է։
Ստեփանավանում է գտնվում Սուրբ Սարգիս եկեղեցին, որը փոքր եկեղեցի է, որը կառուցվել է 19-րդ դարում: Այն տարբերվում է միջին և ուշ միջնադարյան ժամանակաշրջանի հայկական եկեղեցիներից իր ընդհանուր տեսքով և ներքին զարդարանքով:
Ստեփանավանի մերձակայքում գտնվող Ամրակից գյուղում էլ կարող եք այցելել Սուրբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցի,որը հիմնադրվել է 1846 թվականին և վերակառուցվել 1900-ականների սկզբին։
Հայկ Մագոյան