Երևանի քաղաքապետարանը խիստ վերահսկողություն է իրականացնում շինհրապարակներում՝ խոշորացույցի տակ պահելով օդի աղտոտվածության հարցը. Այս մասին հայտարարել է քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջոյանը։
Նա հիշեցրել է, որ շինհրապարակները պարտադիր պետք է կահավորված լինեն համապատասխան սարքավորումներով ու ունենան անհրաժեշտ բոլոր միջոցները օդի վրա փոշու ազդեցությունը նվազեցնելու համար, հակառակ դեպքում սպասվում են տուգանքներ. «Հունվար-հունիս ամիսներին կազմվել է վարչական իրավախախտումների 534 արձանագրություն։ Դրանից 147-ը փոշեկլանիչ ցանցերի բացակայութան հիմքով է եղել, մյուս դեպքերը կապված են եղել օդի մոնիթորինգի սարքի բացակայության հետ։ Կարող ենք ասել, որ գրեթե բոլոր կառուցապատողների նկատմամբ վարչարարություն կիրառվել է»,-ասել է նա։
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանն էլ հայտնել է, թե կառուցապատողները պետք է տեղադրեն օդի որակի մոնիթորինգի սարքեր, որոնք օնլայն ռեժիմով տեղեկություն են փոխանցելու օդում փոշու տարբեր ֆրակցիաների մակարդակի վերաբերյալ։ Դրանից բացի, շինհրապարակները պետք է ծածկեն հատուկ խտության ցանցով։
«Մենք ստացել ենք 130 դիմում տարբեր կազմակերպություններից, որոնք Երևանում կառուցապատում են իրականացնում։ Ներկայում տարբեր շինհրապարակներում մոնիթորինգի 60 սարք է տեղադրված։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ 30 կառուցապատողի մոտ համապատասխան կահավորումը կա, քանի որ յուրաքանչյուր կառուցապատող պետք է 2 սարք տեղադրի»,-ասել է նա։
Ավետիսյանի խոսքով, ըստ դիտարկումների արդյունքների, վերջին շրջանում շինհրապարակներում օդի աղտոտվածության ցուցանիշները բավարար միջակայքում են, հազվադեպ լինում են գերազանցումներ, այդ դեպքում քաղաքապետարանն արձագանքում է՝ կիրառելով օրենքով սահմանված միջոցներ։