Ամառային տապից «փրկվելու» համար պարտադիր չէ հազարավոր կիլոմետրեր հեռու գնալ։ Մայրաքաղաք Երևանից 59 կմ հեռավարության վրա է գտնվում Ապարանը՝ Արագած լեռնազանգվածի արևելյան փեշերին՝ Քասաղ գետի ավազանի վերին մասում։ Ապարանը ծովի մակարդակից բարձր է 1880 մ։
Radar Armenia-ի «Ու՞ր գնալ հանգստանալու» շարքի հաջորդ կանգառն Ապարանում է։
Ապարանի կլիման բարեխառն լեռնային է. ամառները տաք են՝ համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է պլյուս 17-18 աստիճանների։ Ապարանում կարող եք ոչ միայն մաքուր օդ շնչել ու վայելել լեռնային բնությունը, այլև այցելել տեսարժան վայրեր։
Եվ այսպես՝ Ապարան քաղաքում է գտնվում Սուրբ Խաչ հայկական եկեղեցին, որը կառուցվել է 4-րդ դարի վերջերին։ Եկեղեցին վերանորոգվել է 1877 թվականին։Եկեղեցին հայտնի է նաև որպես Քասախի բազիլիկա: Սուրբ Խաչը վաղ միջնադարյան կառույց է և հանդիսանում է Հայաստանի ամենահին եկեղեցիներից մեկը:

Ապարանում կարող եք այցելել «Վերածնունդ» հուշահամալիր, Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշակոթող, հուշահամալիր, որը գտնվում է քաղաքի մերձակայքում։ Հուշարձանը կառուցվել է սև տուֆից և ընդգրկված է Ապարանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Հուշահամալիրը կառուցվել է ի հիշատակ Մեծ եղեռնի, Ապարանի հերոսամարտի և Երկրորդ աշխարհամարտում զոհվածների։ Հուշահամալիրը բաղկացած է երեք առանձին հուշակոթողներից՝ 1915 Մեծ Եղեռնի նահատակներին, 1918 Ապարանի ճակատամարտի հերոսներին և 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում զոհված ապարանցիներին։

Ապարանի ամենահայտնի վայրերից է համարվում Դրաստամատի Կանայանի (Դրո) դամբարանը, որտեղ ամփոփված է Հայաստանի զորավար, ռազմական նախարար, հայ ազատագրական շարժման գործիչ, Առաջին Հանրապետության հիմնադիրներից Դրոյի աճյունը։ Հուշարձանն ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների Ապարան քաղաքի ցանկում և ունի հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։

Բնության սիրահարներին անտարբեր չի թողնի Ապարանի ջրամբարը (Ապարանի լիճ), որը գտնվում է Արագածոտնի մարզում, Քասաղ գետի վերին հոսանքում, Քուչակ և Եղիպատրուշ գյուղերի մինջև:
Ջրամբարից քիչ հեռու է գտնվում Հին Զովունի լքված գյուղը, որտեղ կտեսնեք նաև սուրբ Վարդան Մամիկոնյանի դամբարանը, իսկ անցնելով արահետը կտեսնեք Արագած լեռան գագաթները և հեռվում երևացող ջրամբարը։

Հայկ Մագոյան