Հասարակություն

Կամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը հուլիսի 25-ին այցելել է Կոտայքի մարզի Մեղրաձոր բնակավայրում կառուցվող կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ։ Կառույցի մեկնարկը տրվել է մարտ ամսին` ՆԳՆ փրկարար ծառայության, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան, Կոտայքի մարզպետարանի և «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով՝ «Մարդկային անվտանգության» դրամաշնորհային աջակցության շրջանակներում:

Փրկարար ծառայության տնօրենը տեղում հետևել է շինարարական աշխատանքներին, տվել համապատասխան ցուցումներ: Նա կարևորել է հրշեջ-փրկարարական հենակետերի գործունեության արդյունավետությունը, ինչի շնորհիվ կրճատվում է արձագանքման ժամանակը, նվազում են մարդկային կորուստները։

Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Գևորգ Սեդրակյանի ուղեկցությամբ Կամո Ցուցուլյանն այցելել է նաև Ծաղկաձորի հենակետ, ծանոթացել տարածքում իրականացվող բարեկարգման և նորոգման աշխատանքներին:

Այցի շրջանակում «Հրազդան ՋԷԿ»-ի և Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատներում ներկայացվել են ծառայողների կենցաղային և շենքային պայմանները, գույքային և տեխնիկական կարողությունները, ջոկատների պատրաստվածության վիճակը:

Կամո Ցուցուլյանը տեղերում անձնակազմին տվել է մասնագիտական խորհուրդներ և կոնկրետ հանձնարարականներ՝ կարողությունների բարելավման և աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ։