Հասարակություն

Գերմանիայի դեսպանությունն առաջարկում է վիզայի դյուրացված ընթացակարգ

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ առաջարկել է նոր հնարավորություն ապահով ընթացակարգով դիմել Գերմանիա մուտք գործելու և երկարաժամկետ կացության վիզա ստանալու համար։

«Auslandsportal նոր հարթակը հնարավորություն է տալիս դյուրին և ապահով ընթացակարգով դիմել Գերմանիա մուտք գործելու և Գերմանիայում Ձեր երկարաժամկետ կացության վիզայի համար։ Առցանց լրացրեք Ձեր դիմումը և հանձնեք Երևանում Գերմանիայի դեսպանությանը՝ դիմումի լիարժեքությունը նախապես ստուգելու համար։ Այդպես Դուք առանց սպասելացուցակում նախնական գրանցման կարող եք լավագույնս նախապատրաստվել դեսպանությունում կայանալիք արագացված անձնական հարցազրույցին, որի ընթացքում կներկայացնեք Ձեր բիոմետրիկ տվյալները (մատնահետք և լուսանկար)։

Ներկայիս պիլոտային փուլում հասանելի են միայն երկարաժամկետ կացության համար տրվող որոշակի վիզայի տեսակների (այսպես կոչված Ազգային վիզաների) համար առցանց դիմելու հնարավորությունները։ Վիզայի մյուս տեսակների, հատկապես Շանս-քարտի համար առցանց դիմելու հնարավորությունները կհաջորդեն քայլ առ քայլ»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։