Հասարակություն

Քաջարանի թունելը նախագծվել է միջազգային չափորոշիչներին համապատասխան

ՀՀ ճանապարհային դեպարտամենտից մանրամասներ են հայտնել Քաջարանի թունելի շինարարության ծրագրից։

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը. հայտնում են Դեպարտամենտից։

Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է կնքել վարկային համաձայնագիր, որով Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից կտրամադրվի 200,000,000 ԱՄՆ դոլարի չափով ներդրումային վարկ «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար։

Ծրագրի մանրամասն նախագծով նախատեսվում է իրականացնել Քաջարանի թունելի (երկարությունը՝ շուրջ 7կմ) կառուցման և գոյություն ունեցող Մ-2 ճանապարհի շուրջ 4կմ (Քաջարանի թունելի մուտք - Սիսիան-Քաջարան նախատեսվող նոր ճանապարհահատվածի խաչմերուկ) երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքները:

Թունելը նախագծվել է միջազգային չափորոշիչներին համապատասխան։ Այն ապահովված կլինի լուսավորության‚ օդափոխության‚ հակահրդեհային ժամանակակից համակարգերով։

Թունելն ունենալու է 2 գոտի՝ 9մ լայնությամբ‚ քայլուղիներ։ Ճանապարհի սալահատակի տակ կառուցվելու է անվտանգության թունել‚ գործող թունելից դեպի անվտանգության թունել կլինեն 14 վթարային ելքեր։ Թունելի կառուցման համար նախատեսված է 6 տարի‚ ևս 2 տարի՝ երաշխիքային ժամկետ։ ՀՀ մասնակցությունը ծրագրին 194 մլն ԱՄՆ դոլար է։ Ծրագրի իրականացման արդյունքում ճանապարհը կկրճատվի շուրջ 14կմ-ով‚ և 50կմ-ժամ արագության փոխարեն վարորդները կերթևեկեն միջինը 80կմ-ժամ արագությամբ։