Հասարակություն

Ամառային զորակոչը կերկարաձգվի ևս 15 օրով

ՀՀ կառավարության այսօր ընդունված որոշման համաձայն ամառային զորակոչը կերկարաձգվի ևս 15 օրով՝ մինչև օգոստոսի 15-ը։ Ըստ հիմնավորումների, զորակոչը երկարաձգվել է, որովհետև որոշ զորակոչիկներ դեռ լիարժեք բուժզննում չեն անցել։

«2024 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծության արդյունքում պարզվել է, որ հուլիսի 15-ի դրությամբ զորակոչի ենթակա մեծ թվով քաղաքացիներ դեռևս գտնվում են առողջական վիճակի հետազտությունների մեջ և ամառային զորակոչն անցկացնելու համար կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում հնարավոր չի լինի ավարտել նշված բոլոր քաղաքացիների հետազոտությունները և բժշկական փորձաքննությունը՝ դրանց արդյունքներով որոշելով նաև զորակոչի ենթակա կամ ոչ ենթակա լինելու հանգամանքը: Ուստի, առողջական վիճակի անհրաժեշտ հետազոտություններն ավարտած չլինելու պատճառով 2024 թվականի ամառային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը ձմեռային զորակոչ տեղափոխելու դեպքերը բացառելու նպատակով, անհրաժետություն է առաջացել զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելով 15 օրով՝ մինչև 2024 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ»,- նշված է հիմնավորումներում։