Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագրի կնքմանը։
Ըստ այդմ, 200 մլն ԱՄՆ դոլար վարկ կտրամադրվի՝ «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար։ Ծրագրի նպատակն է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում տարանցիկ փոխադրումների ներուժի բարձրացումն ու վթարայնության նվազեցումը։
Թունելի երկարությունը շուրջ 7 կմ է։ Այն կառուցվելու է շուրջ 6 տարվա ընթացքում։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խոսքով, այս նախագծի իրականացմամբ առաջին անգամ նման երկարության թունել կկառուցվի. «Հաջորդ նմանատիպ բարդ կառույցը, որ մեր օրակարգում է՝ Սիսիան-Քաջարան Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի մոտ 9 կմ երկարությամբ թունելն է, որի կառուցման աշխատանքները նույնպես մեկնարկել են»։