Հասարակություն

Ու՞ր գնալ հանգստանալու. Գառնի (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Շարունակելով «Ու՞ր գնալ հանգստանալու» շարքը Radar Armenia-ն ներկայացնում է Հայաստանի պատմամշակութային վայրերը, քաղաքներն ու բնակավայրերը, որտեղ կարող եք կազմակերպել ձեր ամառային հանգիստը։

Մեր հաջորդ կանգառը Գառնիում է։ Մայրաքաղաքից 25 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի զբոսաշրջային վայրերից մեկը՝ Գառնու հեթանոսական տաճարԸ: Գառնի համայնքից ճանապարհը տանում է դեպի ձոր, որտեղ ևս երկու բնապատմական արժեք ներկայացնող հուշարձան կա՝ Քարերի սիմֆոնիան և Ջութակասարը:

Գառնու տաճարը հայ հեթանոսական մշակույթից մնացած միակ օրինակն է: Հունա-հռոմեական և հայկական ճարտարապետության ոճերի համադրմամբ այս տաճարը կառուցվել է մ. թ. առաջին դարում` Տրդատ Առաջինի հրամանով. այն նվիրված է եղել  արևի աստված Միհրին: 301 թ.՝ Հայաստանում քրիստոնեությունն ընդունելուց հետո Գառնիի հեթանոսական տաճարը վերածվում է արքաների ամառային նստավայրի: 

Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին, Գառնիից 9 կմ հեռավորության վրա է գտնվում 13-րդ դարի հայ ճարտարապետության գոհարներց` Գեղարդը: Համալիրին կից եկեղեցիներն ու վանական խցերը փորված են հսկա ժայռաբեկորի մեջ: Գեղարդը նախկինում կոչվում էր Այրիվանք։ Գեղարդավանքում են գտնվում յուրահատուկ զարդաքանդակներով մի շարք խաչքարեր։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։

Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում՝ ծովի մակերևույթից շուրջ 1500 մետր բարձրության վրա է գտնվում Չարենցի կամար կամ Արարատի տաճար հուշարձանը։ Այն կառուցվել է 1957 թվականին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից։ Կամարից երևում է Արարատ լեռը՝ օրվա բոլոր ժամերին, իսկ Կամարի երկայնքով փորագրված են հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի տողերը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից։ Չարենցի կամարը զբոսաշրջիկների սիրելի վայրերից է։

Գառնի գյուղի տարածքում է գտնվում Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն» բնական հուշարձանը, որն ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում։ Սիմֆոնիան հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով, մոտ 50 մ բարձրություն ունեցող հուշարձան է։ Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարքը երգեհոնի է նման. այս իսկ պատճառով էլ ժողովուրդը  «Բազալտե երգեհոն» անունն է տվել։ Այս ժայռերը գոյացել են բարձր ճնշման պայմաններում՝ հրաբխային լավայի սառչելու և բյուրեղացման արդյունքում։

Հայկ Մագոյան