Հասարակություն

Արմավիրի մարզը ևս «Թումո» կենտրոն կունենա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արմավիրը «Թումո» կենտրոն կունենա. այդ նպատակով նվիրաբերությամբ կտրամադրվի Արմավիրի թիվ 12 մսուր-մանկապարտեզի վթարային շենքը։ Ծրագրի իրականացման համար կծախսվի 530 մլն դրամ։ Կենտրոնը հնարավորություն կտա 12-ից 18 տարեկան երեխաներին և հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված այլ անձանց անվճար օգտվելու արհեստի և տեխնոլոգիաների ոլորտներում մատուցվող կրթական ծրագրերից:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի խոսքով, մինչ այժմ ՀՀ-ում գործում է 5 «Թումո» կենտրոն և 34 «Թումո տուփեր», հաճախում է 25.000 ուսանող. «Այս պահին ընթացքի մեջ է Եղեգնաձորի ու Մասիսի ժամանակավոր կենտրոնների բացման գործընթացը»։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ շեշտադրել է բովանդակային համագործակցության կարևորությունը։ Ըստ նրա, կարևորում են ոչ ֆորմալ կրթական համակարգերի զարգացումը, որոնք էականորեն կարող են բարձրացնել նաև ֆորմալ կրթության որակն ու մակարդակը. «Ժամանակակից աշխարհում երեխաները սովորում են ոչ միայն հանրակրթական հաստատություններում, այլև դրանից դուրս։ Եւ շատ կարևոր է, որ մենք ապահովենք միասնական միջավայր»։ Ըստ նախարարի՝ «Թումո տուփերը» տեղադրվում են դպրոցներին հարակից տարածքներում, ինչը նպաստում է դպրոցների հետ համագործակցությանը ինչպես երեխաների, այնպես էլ ուսուցիչների համագործակցության առումով։