Հասարակություն

Կարևորվել է նոր էներգաբլոկ կառուցելու նպատակով Ֆրանսիայի մասնակցության հնարավորությունը

Հուլիսի 23-ին Հայկական ԱԷԿ է այցելել ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվյե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նաև ֆրանսիական Ֆրամատոմ ընկերությունից Հայաստան ժամանած մասնագետները:

ՀԱԷԿ-ի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու կողմերին հետաքրքրող կարևոր հարցեր, անդրադարձ կատարվեց ՀԱԷԿ-ի գործունեության այն ոլորտներին, որտեղ հնարավոր է հայ-ֆրանսիական համագործակցությունը, ինչպես նաև նշվեցին այն աշխատանքներն ու նախագծերը, որոնք հաջողությամբ իրականացվել են ՀԱԷԿ-ում Ֆրամատոմ ընկերության հետ համատեղ՝ ֆրանսիական տեխնոլոգիաների կիրառմամբ:

Արդեն իրականացվող կամ մոտ ապագայում նախատեսվող ծրագրերի շարքում հատկապես կարևորվեց Հայաստանում նոր էներգաբլոկ կառուցելու նպատակով տարբեր երկրների հետ իրականացվող փոխգործակցությանը նաև Ֆրանսիայի մասնակցության հնարավորությունը:

ՀԱԷԿ-ի ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց համագործակցել ֆրանսիական կողմի հետ այս կարևոր հարցում և ուսումնասիրել ռեակտորային տեխնոլոգիաների վերաբերյալ առաջարկները:

Հանդիպման ավարտին կողմերը ներկայացրին իրենց առաջարկություները և հույս հայտնեցին, որ առաջիկայում հնարավոր կլինի արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն սկսել դիտարկված ոլորտներում: