Հասարակություն

«Շրջապատվե՛ք ձեզ խրախուսող մարդկանցով, որոնք հավատում են ձեր երազանքին նույն նվիրումով, ինչպես՝ դուք». նախարար

«Շրջապատվե՛ք ձեզ խրախուսող մարդկանցով, որոնք հավատում են ձեր երազանքին նույն նվիրումով, ինչպես՝ դուք». նախարար

Նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 20-ին մասնակցել է Հայ-ռուսական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությանը։

Նախարարը շնորհավորել է շրջանավարտներին նշանակալի իրադարձության կապակցությամբ, բարի երթ մաղթել, նաև նշել, որ դեպի մեծ կյանք ճանապարհորդության ընթացքում նրանք բազմաթիվ խոչընդոտների ու մարտահրավերների կարող են հանդիպել, որոնց պետք է պատրաստ լինել դիմագրավելու։

«Կլինեն պահեր, երբ ճանապարհը զառիթափ կթվա, իսկ նպատակը՝ շատ հեռու: Շատերը կարող են կասկածել ու շշնջալ ձեր ականջին, թե ձեր երազանքներն անիրագործելի են, հարկավոր է քչով բավարարվել: Այդ շշուկները կարող են հնչել անծանոթներից, ծանոթներից կամ նույնիսկ՝ ամենամտերիմներից: Բայց հիշե՛ք, որ նրանք չեն գծում ձեր սահմանները, այլ դուք:

Շրջապատվե՛ք ձեզ խրախուսող մարդկանցով, որոնք հավատում են ձեր երազանքին նույն նվիրումով, ինչպես՝ դուք: Նրանք կոգևորեն ձեզ դժվար պահերին, կփոխանցեն իրենց ուժը, երբ ձերը չբավարարի: Թույլ տվեք նրանց լինել ձեր կողքին, մարդկանց, որոնք տեսնում են ձեր ներուժը և աջակցում ձեր իղձերին։

Որպես համալսարանի համասեփականատեր և համահիմնադիր հանդիսացող ՀՀ կառավարության անդամ՝ կարևոր եմ համարում ՀՌՀ դերը՝ ոլորտի բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու գործում համալսարանի երեք՝ Ինժեներաֆիզիկական, Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտների կարևորությունը»,- ասել է Մխիթար Հայրապետյանը` դիմելով շրջանավարտներին։

Շրջանավարտներին ողջունել և բարի երթ են մաղթել նաև համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը, դասախոսներն ու շրջանավարտների ծնողները։

1997 թվականից ի վեր Հայաստանում գործունեություն ծավալած Հայ-ռուսական համալսարանն իր 8 ինստիտուտներով՝ Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, Ինժեներաֆիզիկական, Կենսաբժշկություն և դեղագործության, Էկոնոմիկայի և բիզնեսի, Իրավունքի և քաղաքականության, Հումանիտար գիտությունների, Մեդիայի, գովազդի և կինոյի, Արևելագիտության, մասնագետների բազմաթիվ սերունդներ է կրթել։

Հատկանշական է, որ համալսարանին կից գործում է հրատարակչություն, որտեղ հրատարակվում է ուսումնական գրականություն, հայ և ռուս դասականների գործեր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական