Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից է համարվում հանրապետության երկրորդ քաղաքը՝ Գյումրին։ Եթե որոշել եք ձեր հանգիստն անցկացնել Գյումրիում, այս հրապարակումը հենց ձեզ համար է. Radar Armenia-ն ներկայացնում է Գյումրիի տեսարժան վայրերն ու պատմական հուշարձանները։
Գյումրին Հայաստանի մշակութային մայրաքաղաքն է համարվում, սակայն հնում այն համարվել է նաև արհեստավորների քաղաք։ Ինչպես գիտեք, Գյումրիում կամ Կումայրիում հարգանք ունեին արհեստավորները, որոնց նաև վարպետներ էին կոչում։ Գյումրին Հայաստանի ամենակոլորիտային քաղաքներից մեկն է, որը պահպանել է իր դիմագիծը, ավանդույթներն ու նիստուկացը։
Գյումրին հայտնի է իր եկեղեցիներով։ Հենց կենտրոնում է գտնվում Սուրբ Աստվածածնի եկեղեցին, որը ժողովրդին առավել հայտնի է Յոթ Վերքի եկեղեցի անվանմամբ։
Յոթ Վերքի եկեղեցուց ոչ շատ հեռու է գտնվում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։
Վարդանանց հրապարակը Գյումրիի գլխավոր և ամենամեծ հրապարակն է։ Հրապարակի մեջտեղում է գտնվում Վարդան Մամիկոնյանի արձանը։ Վարդանանց հրապարակում նաև կարելի է տեսնել «երգող շատրվանները»։ Հրապարակը առավել գեղեցիկ է հատկապես գիշերային ժամերին։
Քաղաքի ամենահայտնի փողոցներից է Աբովյան փողոցը, որը դեռևս հայտնի է Կումայրիի պատմական շրջանից։ Աբովյանը ամբողջապես արտացոլում է Գյումրիի պատմական շրջանը. շինությունները կառուցված են սև տուֆից և ունեն ճարտարապետական գեղեցիկ լուծումներ։
Գյումրիի ամենահայտնի վայրերից կամ այցեքարտերից է համարվում «Վառեմ-մարեմի բալկոնը»։ Անցյալ դարավերջին Գյումրիում նկարահանված ֆիլմերը քաղաքի մշակութային կշիռն ավելի բարձրացրին, իսկ ֆիլմերում նկարահանված շենքերն ու շինությունները դարձան զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերը։ Ներկայումս այդ շինությունները գտնվում են Գյումրու պատմական կենտրոնում և հանդիսանում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ:
Գյումրի այցելելիս անպայման պետք է գնալ Խաչքարերի պուրակ, որտեղ կարող եք տեսնել ավելի քան 20 խաչքար, որոնք Ջուղայում ավերված խաչքարերի ընդօրինակներն են։
Հայկ Մագոյան