Հասարակություն

Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատ-Գրուպ» գործարան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 17-ին այցելել է Արարատի մարզում գործող «Արարատ-Գրուպ» ջրերի գործարան` ծանոթացել վերջինիս գործունեությանն ու առաջիկա ներդրումային ծրագրերին։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

«Արարատ-Գրուպ» գործարանն ունի ISO 9001 «Որակի կառավարման համակարգի» և ISO 22000 «Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգի» հավաստագրեր, որով երաշխավորվում է պատրաստի արտադրանքի անվտանգությունը և սննդարտադրության տեխնոլոգիական գործընթացների առավելագույնս օպտիմալացումը:

Ընկերությունը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս արտադրել ջուր, հանքային ջուր և քաղցրահամ գազավորված ըմպելիքներ:
Արտադրանքի 99,5 տոկոսն արտահանվում է ԱՄՆ: Հանդիպման ընթացքում նախարարին է ներկայացվել արտադրական գործընթացն ու զարգացման ծրագրերը:

Քննարկվել են արտահանման և լոգիստիկ մի շարք խնդիրներ։ Նախարարը ողջունել է ընկերության գործունեության ընդլայնման, նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու նախաձեռնությունները՝ անդրադարձ կատարելով պետական օժանդակության այն ծրագրերին, որոնց միջոցով ընկերությունը կարող է ընդլայնել իր գործունեությունը, արդիականացնել արտադրական կարողություններն ու ավելացնել արտադրության ծավալները։