Հասարակություն

Ճապոնիայի դեսպանը Լոռու մարզում էր

Ճապոնիայի դեսպանը Լոռու մարզում էր

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին այցելել են Լոռու մարզի Այրում-Ճոճկան և Ճոճկան-1 ոռոգման պոմպակայաններ:

Ինչպես հայտնել են մարզպետարանից, նրանք տեղում ծանոթացել Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորված և ՄԱԶԾ-ի կողմից իրականացված «Անցում ցածրածխածնային ոռոգման տեխնոլոգիաներին Լոռու և Շիրակի մարզերում՝ բարձրացված արտադրողականության, պարենային անվտանգության և բարելավված կենսապահովման համար» ծրագրի արդյունքներին։

Այցին մասնակցել են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Մհեր Խեչումյանը, ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալներ Մարտիրոս Նալբանդյանը և Վարազդատ Մկրտչյանը, Ճապոնիայի դեսպանության և ՄԱԶԾ ծրագրի պատասխանատուներ, և «ՏԱՄՍԱՄ» ընկերության ղեկավարությունը։

Այցի ընթացքում հյուրերին են ներկայացվել արդիականացված ոռոգման պոմպակայանները, որտեղ տեղադրվել են էներգաարդյունավետ պոմպեր և 450 կՎտ հզորությամբ արևային կայաններ, ինչի արդյունքում Լոռու մարզի պոմպակայաններում էներգիայի ծախսերը կրճատվել է 90 տոկոսով, իսկ 1 խորանարդ մետր ոռոգվող ջրի ինքնարժեքը նվազել է 41 տոկոսով։

Նոր էներգաարդյունավետ պոմպերի շնորհիվ ոռոգման համար տրամադրվող ջրի ժամաքանակն ավելի քան կրկնապատկվել է՝ նախկին 4 ժամվա փոխարեն հասնելով 8-12 ժամի։ Արդիականացված պոմպակայանները հնարավորություն են տալիս նախկինում ոռոգելի հողերի 1900 հեկտար տարածքն ավելացնել ևս 200 հեկտարով։

Միևնույն ժամանակ՝ հաշվի առնելով նոր պոմպերի հզորությունը, հնարավոր է դարձել Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Ճոճկան-1 պոմպակայանի խողովակաշարը վնասվելու պատճառով խաթարված ոռոգելի տարածքների ջրտուքը կազմակերպել Այրում-Ճոճկան պոմպակայանի միջոցով։

Հյուրերին ներկայացվել է նաև Այրում-Ճոճկան և Ճոճկան-1 ոռոգման համակարգերի և ոռոգվող տարածքների տվյալների թվայնացված բազան՝ հիմնված աշխարհագրական-տեղեկատվական (GIS) համակարգի վրա։ Այն հնարավորություն է տալիս արդյունավետ և տեսանելի իրականացնել ոռոգման գործընթացը, բացահայտել ջրի կորուստները և պատճառները՝ մշակելով հստակ լուծումներ և հստակեցնելով շահառուների կողմից մշակվող հողահանդակների և այգիների տարածքները, տեսակները, և շահառուների ընտանիքների թվաքանակն՝ ըստ սեռատարիքային առանձնահատկությունների։

Գոռ Ասրյանն իր և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի անունից շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը, ՄԱԶԾ- ին՝ մարզին ուղղված հերթական աջակցության համար՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը:Դեսպան Աոկի Յուտական, ՀՀ կառավարության պաշտոնյաները գոհունակություն են հայտնել իրականացված աշխատանքների վերաբերյալ և հույս հայտնել, որ նմանօրինակ ծրագրերը շարունակական կլինեն և կիրականացվեն նաև Հայաստանի այլ մարզերում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական