Հասարակություն

Ու՞ր գնալ հանգստանալու. Վանաձոր (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ու՞ր գնալ հանգստանալու. Վանաձոր (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանյան շոգից «փախչելու» և ամառը լիարժեք վայելելու լավագույն տարբերակներից մեկը Լոռին է՝ իր հրաշք բնությամբ և զով ու խոնավ երեկոներով։ Radar Armenia-ն ձեզ է ներկայացնում հանգիստը Վանաձորում կազմակերպելու համար ամենահայտնի և պահանջված վայրերը։

Վանաձորը հանրապետության երրորդ խոշոր քաղաքն է, ինչպես նաև Լոռու մարզկենտրոնը։

Վանաձորի ամենահայտնի տեսարժան վայրերից է համարվում Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին, որի հետ է կապված քաղաքի նախկին անունը՝ Ղարաքիլիսա, որը թարգմանաբար նշանակում է «սև եկեղեցի»:

Վանաձորում հայտնի է նաև 2005-ին կառուցված Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին, որը զարդարված է բազմաթիվ որմնանկարներով: Եկեղեցում կարող եք տեսնել հայկական եկեղեցու պատմությունը, ինչպես նաև քրիստոնեության մասին պատկերներ։

Վանաձորում գործող եկեղեցիներից է ռուսական ուղղափառ կամ «Սբ․ Աստվածածնի ծնունդ» եկեղեցին։ Այն ունի կլորավուն գմբեթ և կառուցվել է 19-րդ դարում։

Յուրաքանչյուր քաղաք հետաքրքիր է իր հրապարակներով. այս առումով բացառություն չէ նաև Վանաձորը։ Վանաձորի կենտրոնական հրապարակը կոչվում է Հայքի հրապարակ: Հրապարակը շրջապատված է շենքերով, որոնք զարդարված են սովետահայ շրջանի ճարտարապետական լուծումներով։

Վանաձոր այցելության ժամանակ կարող եք լինել նաև Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում, որտեղ պահվում է ավելի քան 34 հազար արժեքավոր ցուցանմուշ, այդ թվում՝ հին հագուստներ, զարդեր ու գործիքներ։ Թանգարանում ներկայացված է Լոռվա հարուստ պատմությունը։

Իսկ Վանաձորի պատկերասրահում, որը հիմնադրվել է 1970-ական թվականներին, կարող եք տեսնել ավելի քան երկու հազար ցուցանմուշ, որոնց թվում են նկարներ և քանդակներ: Պատկերասրահը զբոսաշրջիկների այցելության հիմնական վայրերից է համարվում։

Վանաձոր քաղաքի մերձակայքում է գտնվում Կամակատար մատուռը. այն փոքրիկ հին շինություն է, որը պատկանում է միջնադարյան ժամանակաշրջանի պատմական հուշարձաններին:

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական