Հասարակություն

Ո՞ւր գնալ՝ հանգստանալու. Սևան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Եթե սիրում եք ջուր, արև, մաքուր օդ ու ձուկ, ապա ձեր հանգիստը կարող եք անցկացնել կապուտակ Սևանում. Radar Armenia-ի՝ «Ու՞ր գնալ՝ հանգստանալու» շարքի հաջորդ կանգառը Սևան քաղաքն է։ 

Հատկապես ամռան ամիսներին զբոսաշրջային կյանքն ակտիվանում է Սևան քաղաքում։ Մայրաքաղաքից 70 կմ հեռավորության վրա գտնվող այս քաղաքը ձեզ կհիացնի ոչ միայն իր կապուտաչյա գեղեցկուհով։ Քաղաքը շրջապատված է անծայրածիր տափաստաններով, լեռնաշղթաներով։ Մոտակայքում է գտնվում նաև եզակի բուսական և կենդանական աշխարհով ազգային պարկը։

Իհարկե, Սևան հանգստի մեկնողների հիմնական կանգառը Սևանա լիճն է, որը քաղաքից ընդամենը 200 մետր հեռավորության վրա է գտնվում։ Սևանա լիճը քաղցրահամ, բարձրադիր և նավարկելի լիճ է: Լիճը հայտնի է նաև Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անուններով և գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1900 մ բարձրության վրա: Լիճը շրջապատված է՝ արևմուտքում Գեղամա, հարավ-արևմուտքում՝ Վարդենիսի լեռնաշղթաներով, հյուսիս-արևելքում՝ Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի լեռնաշղթաներով: Սևանա լիճ են թափվում 28 գետ ու գետակ, սկիզբ է առնում միայն Հրազդան գետը։

Սևանի ամենահայտնի տեսարժան վայրերից է Սևանավանքը, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության կազմում։ Վանքը, որը հիմնադրվել է 874 թվականին՝ սյունյաց Մարիամ իշխանուհու կողմից, գտնվում է Սևանի թերակղզում։ Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում Սևանի թերակղզի, որտեղ կարելի է տեսնել Սուրբ Հարություն երրորդ եկեղեցու հիմքը, գավթի ավերակները, բազմաթիվ խաչքարեր ու տապանաքարեր։

Սևանա լճի արևմտյան ափին է գտնվում Հայրավանքը, որը կառուցվել է գրեթե նույն ժամանակաշրջանում, ինչ Սևանավանքը։ Հայրավանքը ևս զբոսաշրջիկների սիրելի վայրերից է։

Իսկ Հայրավանքից ոչ հեռու կարող եք այցելել Նորատուս գյուղ, որը առավել հայտնի է եզակի խաչքարերի ամենամեծ գերեզմանոցով, որի հին մասն ընդգրկել է մոտ 800 խաչքարեր` կերտված 9-17-րդ դարերում։ Նորատուսի գերեզմանատունն իր մեծությամբ երկրորդն է Ջուղայի (Նախիջևան) պատմական գերեզմանատնից հետո։

Դե, բնականաբար, անհնար կլին հասնել Սևան ու չճաշակել Սևանի հայտնի սիգը։ Սիգ կարող եք վայելել քաղաքի և լճի հարակից ռեստորաններում։ Տեղացիները ձկնեղենից տարատեսակ ուտեստներ են պատրաստում, որոնք ևս անտարբեր չեն թողնում Սևան այցելած հյուրերին։

Հայկ Մագոյան