Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը քիչ առաջ ազատ արձակվեց Վարդաշեն ՔԿՀ-ից. երեկ դատարանը նրա խափանման միջոցը կալանքից փոխարինել էր 10 մլն դրամ գրավ։
Կալանավայրից դուրս գալուց հետո Ասլանյանը լրագրողների հետ ճեպազրույցում իր հետագա քայլերի մասին է խոսել. «2 տարի 7 ամիս հանրության հետ լայն շփումներ չեմ ունեցել․ իմ թիմակիցների հետ պետք է խորհրդակցեմ՝ հասկանանք, թե իմ պայքարի անունն ինչ է։ Ես պաշտոնի համար կռիվ չեմ տվել, որ այսօր ասեմ՝ պաշտոնն ինձնից տարել են։ Ամեն ինչ արել են, որ քաղաքապետի պաշտոնը չստանձնեմ»։
Թե ինչն է փոխվել, որ իրեն ազատ են արձակել, Ասլանյանը դժվարացել է պատասխանել. «Չեմ կարող ասել»։
Նա պնդել է, որ դատակոչված վկաներն իրեն մեղսագրվող արարքի հետ ոչինչ չեն կարող ասել. «Ամբողջը կապված է փաստաթղթաշրջանառության հետ, և քաղաքացիները չեն կարող դրանց իրավացիությունը կամ ոչ իրավացիությունը, օրինական կամ ոչ օրինական լինելը հավաստել»։
Նա շեշտել է, որ իր նկատմամբ քրեական գործը «ոտքից գլուխ քաղաքական հետապնդում է»։
Ասլանյանը նաև նշել է, որ ընտրություններից հետո, նախքան կալանավորվելը, իրեն առաջարկել են Վանաձորում կոալիցիոն հուշագիր ստորագրել. «Ես էլ ասել եմ՝ ընտրական այս տրամաբանության մեջ, որ Վանաձորում էր տեղի ունեցել, այդ խայտառակ ընտրություններից հետո դա չի կարող լինել, այլ կարող է լինել աշխատանքային համագործակցություն»։