Հասարակություն

«Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել

Երևան-Տիվատ չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է բերվել և ձերբակալվել ՌԴ քաղաքացի, 1959թ. ծնված Նատալյա Տ-ն. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ-ից։

«Հուլիսի 13-ին, ժամը 06.30, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Տիվատ չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է բերվել և ձերբակալվել ՌԴ քաղաքացի, 1959թ. ծնված Նատալյա Տ-ն, որը հուլիսի 1-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ ԳՎ Մոսկվայի մարզի, Սերպուխովսկոյե իրավապահ մարմինների կողմից այդ երկրի քրեական օրենսգրքի 207.3 հոդվածի 2-րդ մասի (ակնհայտ սուտ տեղեկատվության տարածում) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն»,- հայտնեցին ՆԳՆ-ից:

Նատալյա Տ-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին:

Տելեգրամյան ալիքները հայտնում են, որ Նատալիան 44 տարի ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել Մոսկվայի մերձակայքում գտնվող Պրոտվինոյի դպրոցում: Երբ նա տնօրենի խնդրանքով «բարության դաս» է անցկացրել ու պատմել Ուկրաինայում ռուսական բանակի գործողությունների մասին, աշակերտներից մեկը բողոքել է հորը։ Վերջինս էլ դիմել է ոստիկանությանը՝ պահանջելով Տարանուշենկոյին ազատել աշխատանքից։ Հունիսին նրա դեմ քրեական գործ էր հարուցվել։

Հայկ Մագոյան