Հասարակություն

Լեգենդար «Արարատ» կոնյակը, Արամ Խաչատրյանն ու հայկական մշակույթը Չինաստանում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Չինաստանը հսկայական, նաև՝ խիտ բնակեցված երկիր է, և այնտեղ Հայաստանի նման փոքրիկ պետությունը ներկայացնող ամեն բան ինձ զարմանալի և արտասովոր է թվում։ 

Ամռանը` Հայաստանում Չինաստանի դեսպանատան հրավերով մի խումբ լրագրողներով ու բլոգերներով գտնվում էինք Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։

Մայրաքաղաք Պեկինում 3 օր մնալուց հետո մեկնեցինք Չինաստանի ամենազարգացած քաղաքներից մեկը՝ Ցինդաո, որը տեխնոլոգիական զարգացման առումով առաջատար քաղաքներից մեկն է համարվում։ Այցի շրջանակում եղանք քաղաքի՝ Դեղին ծովի մոտակայքում գործող միջազգային ցուցահանդեսային կենտրոնում, որտեղ անցկացվել էր Շանհայի համագործակցության կազմակերպության համաժողովը։

Ցուցահանդեսային գոտում ներկայացված էին նաև տաղավարներ, որտեղից զբոսաշրջիկները կարող էին գնումներ կատարել։ 

Ինչպիսի զարմանք և ուրախություն Հայաստանից հազարավոր կիլոմետրեր կտրած հայերիս համար՝ Չինաստանի Ցինդաո քաղաքում գործում էր հսկայական հայկական տաղավար, որտեղ ամեն ինչ Հայաստանի ու հայերի մասին էր։ Հայկական տաղավարում ներկայացված էր Հայաստանի պատմությունը, հայկական գորգեր, զարդեր, խմիչք, անգամ՝ հայկական երաժշտություն լսելու հնարավորություն կար։

Հսկայական տաղավարում առանձնացված էր հայկական խմիչքների բաժինը, որտեղ հատկապես աչք էին շոյում Երևանի կոնյակի գործարանի «Արարատ» կոնյակները. Հայաստանի խորհրդանիշ դարձած «Արարատ» կոնյակները դրված էին տաղավարի ամեն հատվածում՝ նաև գորգերի, զարդերի, հուշանվերների կողքին։

Խմիչքների տաղավարում ներկայացված էր Երևանի կոնյակի գործարանի 3, 5, 7, 10, 20 տարվա հնությամբ լեգենդար «Արարատ» կոնյակները։ Չինացի գործընկերներն այնքան էին հիացած հայկական կոնյակով, որ չդիմացան գայթակղությանը և հենց տեղում վայելեցին այն։ Շատ հաճելի ու նաև զարմանալի պահ էր, երբ տեղացիներն անտարբեր չէին անցնում հայկական «Արարատ» կոնյակի կողքով։ Եվ ինչպես վստահեցնում էր տաղավարի՝ ազգությամբ չինացի աշխատակցուհին՝ չինացիների շրջանում հայկական կոնյակը սիրելի խմիչքներից մեկն է։

Եթե հայկական կոնյակ, ուրեմն նաև՝ հայկական երաժշտություն։ Շրջայցի ընթացքում կանգ առանք նաև տաղավարի երաժշտական հատվածում, որտեղ համաշխարհային երաժշտական կատարումների կողքին ներկայացված էին նաև Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի և Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները։

Չինացի գործընկերներին թույլ չտվեցինք դատարկաձեռն դուրս գալ հայկական տաղավարից։ Ցուցահանդեսային կենտրոնից հեռանալուց առաջ նրանց փոխանցեցինք հայկական տաղավարից գնած հայտնի «Արարատ» կոնյակ, գինի և հուշանվերներ, որպեսզի երբեք չմոռանան մեզ ու Հայաստանը։

Հայկ Մագոյան