ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն առողջապահության փոխնախարար Արսեն Գասպարյանից հետաքրքրվել է բժշկական կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների դիմաց պետական բյուջեի կուտակած պարտքերի մասին:
Թորոսյանի խոսքով՝ հունիսի 15-ի դրությամբ բժշկական հաստատություններին պարտքը 3,7 մլրդ դրամ է եղել․ «Ուզում եմ հասկանալ՝ կա՞ն լուծումներ, թե ինչպես է հարցը լուծվելու, որովհետև կան բուժհաստատություններ, որոնց նախարարությունը պարտք է մոտ 400 մլն դրամ, որը 1 մլն դոլարի չափ գումար է և կազմում է իրենց մատուցած ծառայությունների 10%-ը»։
Արսեն Գասպարյանն ասել է, որ հարցին չի կարող կոնկրետ պատասխանել, բայց հարցը լուծման փուլում է․ վերաֆինանսավորում լինելու է․
«Ինֆորմացիա կար, որ հիմա լուծում կլինի, վերաբաշխում եղավ 3 մլրդ դրամի չափով, բայց, միևնույն է, պարտքը շարունակում է աճել, ոչ թե իջնել»,- արձագանքել է Թորոսյանը։ Նա շեշտել է, որ պարտքը կուտակվել է ոչ թե բուժհաստատությունների կողմից սխալ տնտեսվարման կամ կարգ խախտելու, այլ կառավարության որոշման պատճառով։ Նա տեղի ունեցածը որակել է անթույլատրելի։