Հասարակություն

Ինչ իրավիճակ է Վերին Լարսում

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը Radar Armenia-ի հետ զրույցում հերքեց շրջանառվող տեղեկությունները, թե Վերին Լարսի մոտ հերթում շուրջ 2600 բեռնատար է սպասում Վրաստանի սահմանն անցնելուն․

«Իրական թվերն ավելի փոքր են։ Սխալմունք կա, որովհետև մեքենաների մի մասը հերթագրվում են մինչև այնտեղ հասնելը։ Այսինքն, մեքենան, որ Հայաստանից գնում է Ռուսաստան և պետք է ետ գա, այդ վերադառնալու հերթի մեջ արդեն նախապես հերթագրվում է, բայց մեքենան տեղում չի լինում։ Կամ գնում են, հերթագրվում են, դուրս գալիս, բայց հերթը պահպանվում է։ Մի խոսքով՝ դրա ճշգրտությունը շատ ցածր է։ Իրական պատկերը դրանից մոտ 2 անգամ քիչ է։ Հիմա հերթում սպասում է 1000-ից մի փոքր ավել մեքենա, որից 500-600-ն է հայկական։ Ռուսաստանից դեպի Վրաստան սպասում է 500 մեքենա, մոտավոր նույնքան էլ՝ հակառակ ուղղությամբ»։

Ըստ Հակոբյանի՝ այդ թիվը իրենց միջին թիվն է, որը միշտ էլ ունեն. «Դա ոչ թե սահմանում կուտակվածն է, այլև Ռուսաստանից եկողները։ Այսինքն, մի մասը Ռուսաստանի տարբեր տարածքներում են գտնվում, մյուս մասը Լարսում ձևակերպվում են, որ գան։ Նույնն էլ՝ Հայաստանից գնացող մեքենաները․ մի մասը ճանապարհին են, մյուս մասը ձևակերպվում են։ Մենք միշտ այդ քանակությունը ճանապարհներին ունենք։ Այնպես որ, այս պահին անհանգստանալու բան չկա»։

Հարցին՝ հերթեր չկա՞ն, Հակոբյանն ասաց՝ ոչ, այս պահին չկան. «Օրվա ինչ-որ ժամերի կարող է կուտակում առաջանալ, որովհետև չեզոք գոտին շատ մեծ տարածք է։ Այնտեղ ինչ-որ մեկը կարող է հանդիպակաց ուղի դուրս գալ, և խցանում ստեղծվի։ Բայց շատ արագ այդ հարցը կարգավորվում է։ Ինչ-որ պահի կարող է այդ խցանումը լինել, բայց ընդհանուր իրավիճակը հիմա լավ է»,- վստահեցրեց նա։

Հայկ Մագոյան