Հայաստանում ամառային հանգիստը հնարավորինս ակտիվ կազմակերպելու համար միանշանակ կարող եք մեկնել Սյունիքի մարզ. Radar Armenia-ն ներկայացնում Սյունիքի մարզի պատմամշակութային վայրերը։
Եվ այսպես՝ Սյունիքի մարզում առաջին կանգառը կարող եք ունենալ Գորիսում։ Կտեսնեք Հին Գորիսը (Կյորես) կամ Գորիս գյուղը՝ քարանձավային բնակավայրերի մի ամբողջ շարքը, իմչպես նաև քաղաքի խորհրդանիշ համարվող բլուրը, որը տեղացիներն անվանում են Լաստի Խութ։ Բացի այդ կարող եք այցելել Ակսել Բակունցի տուն-թանգարան, Սուչբ Հռիփսիեմ եղեղեցի, Գորիսի պատկերասրահ, երկրագիտական թանգարան, «Զանգեր» հուշարձանի մոտ, ինչպես նաև Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և Գրիգոր Տաթևացու անվան հրապարակ։
Գորիսից անմիջապես հետո պետք է անպայման այցելել Տաթև վանական համալիր։ Տաթևի վանքն ունի հարուստ պատմություն: Վանական համալիրը տեղակայված է ժայռի համարյա եզրին, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի կիրճ: Տաթևի ողջ գեղեցկությունը կարող եք վայելել «Տաթևեր» ճոպանուղով անցնելիս։ Մինչ ճոպանուղու կառուցումը վանք տանող ճանապարհը բավական երկար էր։ Ճոպանուղու գործարկումից հետո վանք այցելողների թիվը ևս աճել է։ «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի։
Եթե եղել եք Սյունիքում, բայց չեք այցելել Խնձորեսկ, ուրեմն շատ բան եք կորցրել։ Խնձորեսկը հայտնի է իր քարանձավային անտիկ կացարաններով։ Խնձորեսկը հարուստ է բազում տեսարժան վայրերով՝ հատկապես շատերին հայտնի ճոճվող կամրջով։
Սյունիքը հարուստ է բնական հրաշալիքներով։ Շաքիի ջրվեժը դրանցից մեկն է։ Այն գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Շաքի գետի վրա: Գետը Որոտանի վտակներից է: Ջրվեժի բարձրությունը 18 մ է․ այն Հայաստանի ամենասիրված վայրերից է զբոսաշրջիկների համար:
Եվ եթե որոշել եք, որ ձեր հանգիստն անցկացնելու եք Սյունիքում, ապա կարող եք այցելել նաև Կապան, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ քաղաքներ։
Հայկ Մագոյան