ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն ահազանգել է ծնունդների թվի նվազման մասին․
«Հունվար-մայիսին 13.122 ծնունդ է եղել․ 2023թ․ 14.273 էր։ Այսինքն, այս տարի մոտ 1150 ծնունդով պակաս։ Եթե նույն վիճակագրությունը շարունակվի մինչև տարեվերջ, ավելի պակաս ծնունդ կլինի։
Գաղտնիք չէ, որ ժողովրդագրությունը ամեն ինչի հիմքն է՝ տնտեսության, անվտանգության, մարդկային կապիտալի, և այստեղ պետք է լուծումներ գտնել»,- ասել է նա։
Ըստ պատգամավորի՝ կառավարությունում քննարկվում է ժողովրդագրության ռազմավարությունը. «Կոչ եմ անում մեր գործընկերներին՝ գնալ համարձակ և հնարավորինս արագ լուծումների, որովհետև, նշածս պատճառներով, չենք կարող թույլ տալ քչացող բնակչություն Հայաստանում։ Առանց բնակչության և, իհարկե, որակյալ բնակչության, որ կունենա լավ կրթություն, ունակ կլինի տնտեսական արդյունք տալ, կլինի առողջ, մենք չենք կարող գոյատևել որպես պետություն, հասարակություն և զարգանալ»։
Նա շեշտել է, որ ցուցանիշները անհանգստացնող և ահազանգող են։