Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, թե «Հայոց պատմություն» առարկան փոխարինում են «Հայաստանի պատմություն» անվամբ, որովհետև իրենց ռազմավարության և քաղաքականության հիմքում դնում են պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը. «Պետությունը բոլորովին ուրիշ մտածողություն է, բոլորովին ուրիշ մշակույթ, բոլորովին ուրիշ հայեցակետ, և մենք պետք է ուժ գտնենք խոստովանելու և առերեսվելու, որ այդ մտածողությունը միշտ չէ, որ հասանելի է մեզ»։
Ըստ նրա՝ պետք է հանրային կյանքի կենտրոնում դնել պետությունը. «Մենք մի պրոցեսի մեջ ենք, որ փորձում ենք բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհն ու կյանքը երևում են այլ կերպ»։
Ըստ նրա՝ Հայաստանի պատմությունը պետության գոյության զարգացման պատմությունն է՝ պետության չգոյության դրվագներով, իսկ «Հայոց պատմությունը» պետության չգոյության պատմությունն է՝ պետության գոյության դրվագներով. «Սա շատ կարևոր ու հայեցակարգային տրամաբանություն է»,- շեշտել է նա։ Վարչապետը նաև նշել է, թե «պետք է ապահովենք մեր տրանսֆորմացիան էմոցիաների ժողովրդից դեպի պետական ժողովուրդ, պետության ժողովուրդ, որովհետև պետությունը բոլոորվին ուրիշ մշակույթ է»։
Ըստ նրա, հայոց պատմության տրամաբանության մեջ կարող է պարզվել, որ ուրիշ պետություններին ավելի շատ ենք անդրադառնում, քան մեր պետությանը. «Եթե հավաքական գումարենք, կարող է պարզվի՝ մեր «չպետության» պատմությունն ավելի շատ է, քան պետության պատմությունը։ Բայց մենք պետության «չգոյության» պատմությունը պետք է ուսումնասիրենք որպես պետության կորստի պատմություն, դրա պատճառների ուսումնասիրության պատմություն, դրա հետևանքների ուսումնասիրության պատմություն»։