Ո՞ւր գնալ հանգստանալու. այս հարցի պատասխանը կգտնեք Radar Armenia-ի նոր շարքում, որտեղ ներկայացնում ենք Հայաստանի տեսարժան վայրերն ու հանգստի գոտիները, ուր կարող եք վայելել ամառային արձակուրդները և բավականություն ստանալ։
Մեր հաջորդ կանգառը Դիլիջանում է։
Դիլիջան քաղաքը Հայաստան ժամանող զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից է: Մաքուր օդ, բուժիչ հանքային ջուր, շուրջբոլորը սաղարթախիտ անտառներ. էլ ինչ է պետք ամառային հանգիստն անցկացնելու համար։ Դիլիջանը Հայաստանի հին քաղաքներից է, որտեղ կարող եք տեսնել ինչպես պատմամշակութային հուշարձաններ, այնպես էլ գեղատեսիլ բնական տեսարաններ։
Դիլիջանում կարող եք այցելել 10-րդ դարում կառուցված Հաղարծին վանական համալիր, որտեղ գտնվում են Սբ. Աստվածածին, Սբ. Գրիգոր և Սբ. Ստեփանոս եկեղեցիները: Հաղարծնի տարածքում կարող եք տեսնել նաև հնագույն դամբարանների մնացորդներ և խաչքարեր:

Դիլիջանի այցեքարտերից մեկն է համարվում Շարամբեյան կամ Ատաղձագործների փողոցը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում։ Թաղամասին յուրահատուկ տեսք են տալիս փայտյա պատշգամբները։ Թաղամասում ականատես կլինեք հին Դիլիջանի ատաղձագործների ու հացթուխների աշխատանքներին:

Եթե Դիլիջան, ապա անպայման Դիլիջանի ազգային պարկ։ Դիլիջան ազգային պարկը 28.000 հա կանաչապատ տարածք է, որի մեջ ներառված է քաղաքը: Դիլիջան ազգային պարկում դուք կհիանաք բուժիչ հանքային աղբյուրներով ու լճերով։ Կարող եք տեսնել նաև մի քանի հին վանական համալիր, որոնք համարվում են պատմական հուշարձաններ:

Դիլիջանում կարող եք տեսնել նաև «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձանը։ Ինչպես հայտնի ֆիլմում է ասում՝ «Մեզ մոտ՝ Դիլիջանում, ծորակից հոսող ջուրը մաքրությամբ աշխարհում 2-րդ տեղն է զբաղեցնում»:

Տավուշի մարզ այցելության ժամանակ պետք չէ բաց թողնել նաև Պարզ լիճ գնալու հնարավորությունը։ Լճի տարածքը հանգստի գոտի է, որտեղ կարելի է նավարկել զմայլվել հրաշալի բնությամբ։

Ինչպես նաև կարելի է այցելել Գոշավանք վանական համալիրը, որը Հայաստանի ամենամեծ հոգևոր կենտրոններից մեկն է համարվում։
Հայկ Մագոյան
