Հասարակություն

Երևանում, Արագածոտնի, Կոտայքի մարզերում բենզալցակայանների, նավթամթերքի պահեստարանի գործունեություն է դադարեցվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից վերահսկողություն է իրականացվել Երևան քաղաքի Աշտարակի խճուղի 𝟒𝟕/𝟏𝟑 հասցեում գտնվող և «Մ𝟏 ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող նավթամթերքի պահեստարանի, ինչպես նաև Կոտայքի մարզի Չարենցավան, քաղաքի Շահումյան փ. 𝟏 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանի, ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Սասնաշեն հասցեում «Ճախրկանք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի, նույն մարզի Թալին քաղաքի Սպանդարյան փ. 𝟐𝟏 հասցեում գտնվող և անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նշյալ օբյեկտներում արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Տեսչական վերահսկողություն է իրականացվել նաև Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի գ․ Զովք, գլխավոր խճուղի 𝟏𝟑/𝟑 հասցեում «ՊՐԱՅԴ 𝟖𝟖𝟖» ՍՊ ընկերության կողմից «ԶԻԼ-𝟏𝟑𝟎» մակնիշի 𝟑𝟒 𝐃𝐌 𝟒𝟓𝟔 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա տեղադրված 𝟏𝟎 հատ կուտակիչներից և «ԶԻԼ-𝟏𝟑𝟎» մակնիշի 𝟑𝟓 𝐃𝐀 𝟓𝟗𝟏 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա տեղադրված թվով 𝟏𝟎 հատ կուտակիչներից իրականացվող մեթան գազով ավտոմեքենաների լիցքավորման՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմերին համապատախանության նկատմամբ։

Հրդեհային անվտանգության մասնագետները պարզել են, որ վերոնշյալ կուտակիչները, որպես արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ) սահմանված կարգով գրանցված չեն արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում և չեն անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն։

Ուստի՝ հաշվի առնելով նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման թույլ տրված խախտումները, հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշումների հիման վրա ամբողջությամբ դադարեցվել են վերոնշյալ 𝟓 օբյեկտների գործունեությունը։ Դրանք ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցությամբ կապարակնքվել են։