Ու՞ր գնալ հանգստանալու. հարց, որն ամռան ամիսներին շատերին է «տանջում»։
Radar Armenia-ն ներկայացնում է Հայաստանի տեսարժան վայրերն ու հանգստի գոտիները, որտեղ կարող եք վայելել ամառային արձակուրդները և բավականություն ստանալ։
Եվ այսպես, մեր առաջին կանգառը Ջերմուկ քաղաքն է։
Ջերմուկը Հայաստանի ամենահայտնի առողջարանային քաղաքն է, որը գտնվում է Վայոց Ձորի մարզի հյուսիս-արևելյան հատվածում՝ Երևանից 173 կմ հեռավորության վրա։ Արփա գետը քաղաքը բաժանում է երկու մասի։ Ջերմուկը պարփակված է 2500-3000 մետր բարձրության հասնող լեռնաշղթաներով, իսկ հարավ-արևմուտքում Արփայի գեղատեսիլ կիրճն է։ Լեռնային կլիմա ունի՝ ամառը զով է, ձմեռը՝ երկարատև և ձյունառատ։ Օդի օրական միջին ջերմաստիճանը Ջերմուկում գարնանը +0.4 °C է, ամռանը՝ +15.3 °C։ Անտառապատ լեռներով շրջապատված քաղաքը, առողջարանային համալիրներից զատ, Հայաստանի զբոսաշրջության կենտրոններից մեկն է համարվում։

Բնականաբար, Ջերմուկի ամենատեսարժան վայրերից մեկը համարվում է Ջերմուկի ջրվեժը, որը ժողովուրդն անվանում է նաև «Ջրահարսի վարսեր»։

Քաղաքը հայտնի է հատկապես Արփայի աջ և ձախ ափերին գտնվող 36 բուժիչ տաք աղբյուրներով, որոնք «ջերմուկներ» են կոչվում և ունեն հիդրոկարբոնատ-սուլֆատային բաղադրություն։

Ջերմուկում հանգստացողների համար հետաքրքիր կլինի օգտվել ճոպանուղուց, որը գտնվում է քաղաքի սկզբնամասում և գործում է 2007 թվականից։

Ջերմուկում հանգստացողները կարող են այցելել նաև 10-րդ դարում կառուցված Գնդեվանք։

Ջերմուկի բնական հրաշալիքներից է 15 մ բարձրությամբ և 30 մ լայնությամբ քարե կամարը, որը կոչվում է «Երազանքների կամար»։ Ժողովուրդն ասում է, որ այնտեղ հասնելուն պես պետք է երազանք պահել և զմայլվել նրա գեղեցկությամբ։

Ջերմուկի ամենահայտնի վայրերից է Կեչուտի ջրամբարը: Իսկ Գետափը իդեալական վայր է զբոսնելու և հաճելի ժամանակ անցկացնելու համար։

Ժայռի վրա խոյացած արծաթե եղնիկը համարվում է Ջերմուկի գլխավոր խորհրդանիշը: Եղնիկի մասին բազմաթիվ պատմություններ են պատմում տեղացիները։ Ջերմուկ այցելող ցանկացած մարդ գոնե մեկ անգամ պետք է բարձրանա ժայռը և մոտիկից տեսնի Ջերմուկի խորհրդանիշ եղնիկը։
Հայկ Մագոյան
