Հասարակություն

Բանակից զորացրվելու խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ

Հուլիսի 7-ին խուլիգանություն, ծեծկռտուք և վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում գտնվող «Եղեգն» ռեստորանային համալիրում, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որն այնուհետև շարունակվել է փողոցում, ինչի հետևանքով 3 քաղաքացի վրաերթի է ենթարկվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվում, որ 3 մարդու մարմնական վնասվածքներով բժիշկների հերթապահ խմբերը տեղափոխել է հիվանդանոց։

Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 01:00-ի սահմաններում Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 123 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 33-ամյա Արթուր Մուրադյանն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նշված ճանապարհը հատող հետիոտներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 51-ամյա Արմեն Սողոմոնյանին, 45-ամյա Ենոք Նազարյանին և 43-ամյա Հովիկ Սարգսյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է քաղաքացիների և բժիշկների հետ վիրավորներին տեղափոխել «Վայոց ձոր» բժշկական կենտրոն, ինչից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հայտնաբերվել են վրաերթի ենթարկվածների կոշիկները, մեկն ավտոմեքենայի տակ, երկուսը՝ ավտոմեքենայից բավականին հեռավորության վրա։ Դրսում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ վրաերթից առաջ՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123 կմ հատվածի աջակողմյան տարածքում գտնվող «Եղեգն» ռեստորանային համալիրում բանակից զորացրվելու կապակցությամբ կազմակերպված է միջոցառման ժամանակ ռեստորանի բակում հայհոյանքներ հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանություն է ծագել միջոցառման մասնակիցներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 51-ամյա Արմեն Սողոմոնյանի, 45-ամյա Հովիկ Սարգսյանի, 41-ամյա Գարիկ Սարգսյանի և ռեստորանի հաճախորդներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 32-ամյա Գեղամ Վարդանյանի, ով հայաստանյան հայտնի բանկերից մեկի Եղեգնաձորի մասնաճյուղի կառավարիչ է, 31-ամյա Ռոմիկ Վարդանյանի, ով հայաստանյան հայտնի բանկերից մեկի Եղեգնաձորի մասնաճյուղի վարկային մասնագետ է, 31-ամյա Գեղամ Բադալյանի, 33-ամյա Տիգրան Բադալյանի միջև։

Վիճաբանություն-ծեծկռտուքն այնուհետև տեղափոխվել է ռեստորանի տարածքից դուրս՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի եզր, որի ժամանակ նշված անձինք քաշքշել, բռունցքներով հարվածել են միմյանց, հնչեցրել են հայհոյանքներ և բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել նշված ռեստորանում միջոցառման մասնակիցների նկատմամբ որը տևել է մոտ 20 րոպե ու այդ ժամանակ էլ փողոցում տեղի է ունեցել վրաերթ: Այս դեպքի փաստով «խուլիգանություն» հատկանիշներով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։