Հասարակություն

«Պատկերացնո՞ւմ եք՝ 10 կմ-ի վրա երկրորդ ցեմենտի գործարան». բնապահպանները՝ Կարմիր սարում հանքի մասին

Այսօր «Մեդիա» կենտրոնում «Արարատի մարզի բնակիչներն ընդդեմ վնասակար հանքարդյունաբերությանը» թեմայով բնապահպանական լսումներ էին։

Խոսքը Արարատի մարզի մի քանի բնակավայրերին հարակից հատվածում հանքարդյունաբերության գործունեության իրականացման մասին է, որը կարող է վնասակար ազդեցություն ունենալ համայնքների և գյուղատնտեսության վրա։

Բնապահպանները մտահոգված են՝ Կարմիր սարը, որն ունի կրաքարի պաշարներ, մտադիր են վերածել ցեմենտի հանքավայրի։ Իսկ դրա հետևանքով տուժելու են բարձրարժեք գյուղատնտեսությամբ հայտնի հարակից գյուղերը՝ Այգեզարդը, Քաղցրաշենը, Գինեվետը, Նոր ուղին։

«Կարմիր սարը, վարչական առումով, մասամբ գտնվում է Գինեվետ բնակավայրում, մասամբ՝ Այգեզարդ։ Անկախ հանքը Գինեվետում է․ վնասները նույնչափ ազդելու են մեզ վրա»,- մտահոգություն է հայտնել Այգեզարդ գյուղի նախաձեռնող խմբի համակարգող Արփինե Խաչատրյանը։

Նշենք, որ Կարմիր սարը հայտնվել է միաժամանակ մի քանի հանքարդյունահանողի՝ «ՄԼ մայնինգ», «ԴԻԳԸՆԴԻԳ», «ԳՌԱՆՈՒԼՍ», «ՕՐԴ», «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ների ուշադրության թիրախում։ Վերջինս նախատեսում է Վեդիի վարչական տարածքում ցեմենտի գործարան կառուցել։

«Զարմանալի է, որ մի տարածքի համար արդեն կա մեկ թույլտվություն և փորձաքննական եզրակացություն՝ երկու տարի առաջ տրված, և հիմա նույն այդ տարածքի վրա անցկացնում են լսումներ արդեն երեք այլ կազմակերպությունների կողմից։ Պլյուս դրան էլ՝ մի կազմակերպություն դիմել է այդտեղ ցեմենտի գործարան կառուցելու համար։ Դուք պատկերացնո՞ւմ եք 10 կմ-ի վրա ցեմենտի գործարան․ պատկերացնու՞մ եք՝ ծուխ, փոշի (նկատի ունի Արարատի ցեմենտի գործարանը, որը գտնվում է մոտ հեռավորության վրա), հիմա երկրորդ ցեմենտի գործարանը լինի, ու ամբողջ դաշտը այդ ծանր փոշու մեջ պետք է թաղված լինի։ Մենք կկորցնենք մեր գյուղատնտեսությունը»,- հայտարարել է էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը։

Արփինե Խաչատրյանն էլ հայտնել է, որ Այգեզարդի բնակիչների 98%-ից ավելին դեմ է արտահայտվել. հավաքվել է 2300 ստորագրություն։