Հասարակություն

Ջրհեղեղից տուժածները փոխհատուցում կստանան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարությունը կփոխհատուցի մայիսին Լոռու և Տավուշի ջրհեղեղից տուժած քաղաքացիների վնասը։ Մասնավորապես, կփոխհատուցվի բնակարանի կամ տան կորուստը։ Այս դեպքում կտրվի բնակարանի գնման վկայագիր։ Կփոխհատուցվի տան վերանորոգման գումարը։ Փոխհատուցվելու են նաև կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասները։ 

Քաղաքացիները փոխհատուցում ստանալու համար կարող են էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնել հուլիսի 15-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ բնակարանի գնման վկայագրի արժեքը որոշվում է կադաստրի կոմիտեից ստացված տեղեկությունների հիման վրա. 

«Ալավերդում մեկ շենք կա՝ 16 բնակարանից բաղկացած։ Իրականում այդ 16 բնակարանից միայն 6-ն են գտնվել առաջին հարկում և ամբողջությամբ տուժել։ Բայց քանի որ շենքն ամբողջությամբ դարձել է վնասվածության այն աստիճանի, որ պետք է քանդել, բնակարանի գնման վկայագիր կստանան նաև 2-րդ և 3-րդ հարկերի բնակիչները՝ ևս 10 բնակարանատեր։ Իսկ առանձնատների թիվը ճշտվում է. մեզ 2 նման առանձնատուն է հայտնի՝ Հաղարծինում ու Ձորագետում»։

«Իսկ մյուս մարդկանց հատկացնում ենք գումար, որ հնարավորինս արագ իրենց տունը նորոգեն ու վերադառնան ապրելու»,- հավելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էլ հայտնել է, որ ջրհեղեղից տուժել է 9 համայնք՝ 39 բնակավայրով։

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է պրոցեսը կազմակերպել այնպես, որ «մարդկանց քաշքշուկների մեջ չգցենք». «Նախ՝ օնլայն դիմելու հնարավորություն ստեղծենք, իսկ հասկանալով, որ մարզում գուցե մարդիկ օնլայն դիմելու հմտություն ու հնարավորություն չունենան, այնպես անենք, որ մի քանի անգամ մարդկանց չտանենք-բերենք»։