Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ 1 օրում մահացել են «Արմավիր» ՔԿՀ կալանավորն ու դատապարտյալը։
Radar Armenia-ն ՔԿԾ-ից տեղեկացավ, որ նրանք մահացել են ոչ թե ՔԿՀ-ում, այլ հիվանդանոցում։
«ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ, 1966թ․ծնված Հ․Կ․-ի ինքնազգացողության վատթարացման պատճառով հունիսի 30-ին՝ ժամը 22։10-ի սահմաններում, կանչվել է շտապ օգնություն։ Հ․Կ․-ն տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։ Հուլիսի 1-ին՝ ժամը 01։20-ի սահմաններում, հիվանդանոցում արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը։ Հ․Կ․-ն մշտապես գտնվել է ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հսկողության ներքո։
Հունիսի 30-ին՝ ժամը 03։00 սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1964թ․ ծնված Գ․ Հ․-ի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով կանչվել է շտապ օգնություն։ Տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնությունը, որից հետո Գ․ Հ․-ին շտապօգնության մեքենայով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Հուլիսի 1-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, քաղաքացիական հիվանդանոցում գրանցվել է կալանավորված անձ Գ․ Հ․-ի կենսաբանական մահը»,- հայտնեցին քրեակատարողական ծառայությունից։
Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավոր Գ․Հ․-ի և նույն ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Հ․Կ․-ի՝ բուժհաստատությունում մահվան դեպքերի առթիվ նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ որպես հանկարծամահություն՝ նկատի ունենալով նրանց ինքնազգացողությունը ՔԿՀ-ում տարբեր պատճառներով կտրուկ վատանալու և բուժհաստատություն տեղափոխվելու վերաբերյալ ստացված հաղորդումները։ «Վարույթների շրջանակներում իրականացված դիակների արտաքին զննությամբ մարմինների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ մահվան իրական հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ։ Երկու վարույթով էլ նախաքննությունը շարունակվում է»։
Հայկ Մագոյան