ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ներդրվել է թվային հետախուզության գերժամանակակից գործիքակազմ։ Կոմիտեում, հուլիսի 3-ին, տեղի է ունեցել թվային հետախուզության լաբորատորիայի (ԹՀԼ) պաշտոնական բացումը։ Լաբորատորիան ստեղծվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ՝ «Հարկը հանուն կայուն զարգացման» նախաձեռնության շրջանակում։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՄԱԿ զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդը, ինչպես նաև ՀՀ կառավարության, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և դիվանագիտական առաքելությունների բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կարևորել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ հարկային վարչարարության բարելավմանն ուղղղված մի շարք ծրագրերի համատեղ իրականացումը, նշելով, որ թվային հետախուզության լաբորատորիայի հիմնադրումը հաջողված նախաձեռնություններից մեկն է։
ՄԱԿ զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ևս կարևորել է այս նախաձեռնության նշանակությունը՝ հարկերից խուսափելու, խարդախության և ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում:
Պետական եկամուտների կոմիտեի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև հաստատված համագործակցության արդյունքում հուլիսի 3-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով սահմանվում է թվային հետախուզության լաբորատորիայի ամբողջ ներուժն օգտագործելու համագործակցության շրջանակը։