Հասարակություն

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Ներքին Խնձորեսկ գյուղում մի ուսուցիչ ատեստավորման գործընթացի հետ կապված 3 դիտարկում է արել՝ ատեստավորման նյութի և դասավանդվող բովանդակության կապը թույլ է կամ կապ չկա առհասարակ, քիչ ժամանակ է տրվում ատեստավորմանը, և ցածր գործակցով վճարվող ուսուցիչները նույն չափանիշով են ատեստավորումն անցնում, ինչ բարձր դրույքաչափերով աշխատող ուսուցիչները:

Կառավարության նիստում վարչապետը ներկայացրել է այս հարցերը, որոնց անդրադարձել է ԿԳՄՍ նախարարը. «Ինչ վերաբերում է թեստերի բովանդակությանը, ապա նշեմ՝ այն, որ թեստերը պետք է համապատասխանեն տվյալ առարկայի առարկայական ծրագրին, դա միանշանակ սկզբունք և պահանջ է և դա հատուկ ստուգվում է թեստերի մշակման ընթացքում, որպեսզի թեստերի ամբողջ բովանդակությունն առարկայի ծրագրի շրջանակներում լինի: Եվ այս իմաստով նաև որևէ խնդիր այս ընթացքում մենք չենք արձանագրել: Մենք արձանագրել ենք խնդիրներ, երբ ուսուցիչները առարկայի ծրագրին բավարար ծանոթ չեն և իրենց թվում է, որ որոշակի հարցեր դուրս են այդ ծրագրից: Սա հիմնականում առաջ է գալիս այն պատճառով, որ մեր ուսուցիչների մի մասն առնվազն դեռևս առարկայի ծրագիրը և դասագիրքը հիմնականում նույնականացնում է: Մենք պետք է հասկանանք, որ դասագիրքը առարկայի ուսուցանման ընդամենը գործիքներից մեկն է, և առարկայի ուսուցանումը պահանջում է ավելի լայն ծրագրի իմացություն, որը հաստատված է նախարարի հրամանով և հրապարակված է և յուրաքանչյուր ուսուցչի համար պահանջ է տվյալ առարկայի ծրագիրն ամբողջությամբ իմանալն ու տիրապետելը: Նման թյուրիմացություններ և թյուրընկալումներ ունենում ենք: Լինում է նաև, որ օրինակ, մի առարկայից երկու դասագիրք կա հաստատված և ուսուցիչը ծանոթ է միայն մի դասագրքին և իրեն թվում է, որ մյուս դասագրքի բովանդակությունն առարկայի բովանդակությունից դուրս մի բան է:

Այդ խնդիրը շարունակաբար լուծում ենք նաև ուսուցիչների իրազեկման բարձրացման և վերապատրաստումների միջոցով: Այնպես, որ նման խնդիր ուղղակի չի կարող լինել: Ավելին ասեմ՝ մենք ատեստավորումից հետո ունենք բողոքարկման գործընթաց, ուսուցիչներն ունեն հնարավորություն, եթե անհամաձայնություն են արդյունքների հետ, դիմել բողոքարկել: Իրենց մանրամասն պատասխաններ են տրվում, մասնագիտական հանձնաժողով է աշխատում: Շատ դեպքերում, եթե պատասխանը շատ ոչ միանշանակ է եղել, միանշանակ դա հօգուտ ուսուցչի է մեկնաբանվում, և պետք է ասեմ, որ Ձեզ դիմած ուսուցիչը, քանի որ անգլերենի ուսուցիչ էր, անգլերենի ուղղությամբ կամավոր ատեստավորմամբ մենք նախորդ տարի ունեցել ենք 368 ուսուցիչ, որ մասնակցել է կամավոր ատեստավորմանը: Նրանցից 230 ուսուցիչ հաղթահարել է շեմը, բողոքարկման արդյունքում այս թիվը դարձել է 264: Այսինքն՝ այն ուսուցիչները, որոնց բարձրացրած հարցադրումները եղել են օբյեկտիվ, նրանց գնահատականները բարձրացվել են: Ի դեպ՝ այդպես է եղել նաև Ձեզ դիմած ուսուցչի պարագայում, որը նույնպես բողոքարկման արդյունքում միավորների բարձրացում է ունեցել, բայց, այնուամենայնիվ, ոչ բավարար շեմը հաղթահարելու համար: Այսինքն՝ սա մի շարունակական պրոցես է, որ անընդհատ թեստերը բարելավում ենք, բայց առարկայի ծրագրի համապատասխանության խնդիր չունենք:

Ժամանակի հետ կապված՝ տրվում է 180 րոպե ատեստավորման համար, և երբ ուսուցիչները հարց են բարձրացնում, որ իրենց ժամանակը չի բավարարում, ապա մենք տեղերում ճկուն ենք և միանգամից նաև լրացուցիչ ժամանակ ենք տրամադրում իրենց աշխատանքն ավարտելու: Այստեղ մի կարևոր խնդիր կա, որ այս տարի կլուծենք, դա այն է, որ ատեստավորումը մինչ այժմ իրականացվել է թղթային տարբերակով, և ուսուցիչները բավական ժամանակ են ծախսել, որպեսզի պատասխաններն անցկացնեն ձևաթղթի վրա, ինչը, բնականաբար, նրանցից ժամանակ է խլում: Մենք այս տարվանից էլեկտրոնային ենք անելու ամբողջ գործընթացը, որպեսզի այդ տեխնիկական վրիպակներից խուսափենք: Այս տարի կամավոր ատեստավորումը պլանավորել ենք իրականացնել էլեկտրոնային եղանակով, և սա նաև լրացուցիչ ժամանակ կտա մեր ուսուցիչներին:

Ինչ վերաբերում է ցածր դրույքաչափով, նկատի ունեմ՝ քիչ ծանրաբեռնվածությամբ վճարվող ուսուցիչների հանդեպ նույն պահանջը կիրառելուն, սա սկզբունքային հարց է, որովհետև այստեղ ոչ թե ուսուցիչն է, այլ երեխան է: Երեխային տրամադրվող կրթությունը պետք է լինի նույն որակի և ստանդարտի՝ անկախ նրանից, թե որ դպրոցն է նա հաճախում և իր ուսուցիչը քանի ժամ է մտնում դպրոց: Ու կարծում եմ, որ այստեղ մեր ուսուցիչներն էլ պետք է փոխեն իրենց դիտանկյունը և հիշեն, որ իրականում խոսում են երեխաների կրթության որակի մասին»:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոլորտում առկա հարցերը հասկանալու առումով կառավարությունը պետք է անընդհատ հաղորդակցության մեջ լինի ուսուցիչների և մանկավարժական հանրության հետ: Վարչապետն ընդգծել է երեխայի համար դպրոցում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծելու կարևորությունը: Կառավարության ղեկավարը նշել է նաև՝ մարզերում հաճախ իրեն խնդրում են, որ գյուղի դպրոցը չփակվի, և դա ասվում է այն գյուղերում, որտեղ կան փոքրաթիվ աշակերտներ՝ մինչև 20 սովորող: «Մենք ասում ենք՝ գյուղի դպրոցը չենք փակում, այլ նոր դպրոց ենք կառուցում, որովհետև ոչ ոք չի ասել, որ դպրոցը պետք է լինի գյուղապետարանի հետևում: Երկրորդ՝ դպրոց տանող ճանապարհները պետք է նորոգենք: Երրորդ՝ պետք է ձեռք բերենք տրանսպորտային միջոց, որն առավոտյան երեխաներին կտանի դպրոց և երեկոյան նորմալ, բարեկարգված ճանապարհներով կբերի հետ»,- ասել է վարչապետը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական