Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր՝ հունիսի 21-ին, քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի, սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանի, ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետի ժ/պ Լյովա Սիմոնյանի, «Գյումրու կոմունալ ծառայություն» ՀԲՀ-ի տնօրենի ժ/պ Արտավազդ Ոսկանյանի և ոլորտային այլ պատասխանատուների հետ եղել է «Անի» թաղամասի 5-րդ և 7-րդ փողոցներին հարակից շենքերի բակում:
Այցի հիմքում տվյալ հատվածում առկա թիթեղյա ավտոտնակները ապամոնտաժելու/տեղափոխելու և նույն այդ հատվածը համայնքի միջոցներով բարեկարգելու, խաղահրապարակներ և մարզահարապարակներ` ֆուտբոլ, բասկետբոլ, մարզական ձողեր տեղադրելու հարցերն են եղել:
Վերը նշված շենքերի հարակից բակի բարեկարգմամբ հիմք է դրվելու «Անի» թաղամասի մնացյալ շենքերի բակերը ավտոտնակներից ազատելու, խաղահրապարակներ, մարզահրապարակներ տեղադրելու և բակերի տարածքները ամբողջությամբ բնակիչներին վերադարձնելու գործընթացի:
Համայնքի ղեկավարը պատասխանատուների հետ շրջել է տարածքում, մանրամասն ուսումնասիրել են առկա վիճակը, քննարկել առաջիկա անելիքներն ու բակի բարեկարգմանն առնչվող բազմաթիվ մանրամասներ: