Հասարակություն

AMAA-ն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով իրականացնում է Revive ծրագիրը

AMAA-ն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով իրականացնում է Revive ծրագիրը

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը (AMAA Armenia) Լեռնային Ղարաբաղից 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանված անձանց, ընտանիքների կյանքը վերակառուցելու և նրանց միջնաժամկետ հրատապ կարիքները հոգալու նպատակով իրականացնում է Revive կեցության և կենսապահովման ծրագիրը։

Radar Armenia-ի հետ զրույցում AMAA Armenia-ի գործերի կառավարիչ Նարեկ Թութխալյանը նշեց, որ ծրագիրը ներառում է երկու բաղադրիչ՝ երկարաժամկետ  և կարճաժամկետ։

Երկարաժամկետ բաղադրիչի շրջանակում AMAA-ն տրամադրում է աջակցություն 2023թ. սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված բնակչությանը՝ ներառելով Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում ապաստանածներին, որոնք եղել են մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ը Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Արցախի մասնաճյուղի աշխատակից կամ մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագրերից մեկի շահառու, իսկ առաջին փուլի ավարտից հետո շահառուները ընտրվելու են արդեն մշակված և պետական չափորոշիչներին հնարավորինս մոտ։

Կարճաժամկետ բաղադրիչի շրջանակում՝ միանվագ աջակցություն միջնաժամկետ առաջնային կարիքների բավարարման նպատակով, ինչպես, օրինակ, հագուստի, սնունդի, հիգիենայի կամ կենցաղային գույքի ձեռքբերում, դեղորայքի ձեռքբերում։ Մեկանգամյա օգնությունը գլխավորապես ուղղված է AMAA-ի Արցախի մասնաճյուղի աշխատակիցներին, որոնք սեպտեմբերի 19-ի տեղահանումից հետո բնակվում են Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի մարզերում և Երևանում և չեն պլանավորում ծրագրի շրջանակում տեղափոխվել և ապրել ծրագրի թիրախային հինգ մարզերից մեկում։։

««Revive կեցության և կենսապահովման ծրագրի երկարաժամկետ բաղադրիչի շրջանակում աջակցությունը ընտանիքներին տրամադրվում է հետևյալ կերպ՝ կեցության ապահովում, այդ թվում՝ վարձակալած բնակարանների կամ տների վարձավճարների փոխհատուցում, աջակցություն բնակարանային պայմանների բարելավման համար անհրաժեշտ շինանյութի ձեռքբերման նպատակով (ինչպես, օրինակ, տանիքի փոխում, ջերմամեկուսացում, հատակի բարեկարգում, լոգարանի վերանորոգում և այլն)։ Աջակցություն առաջնային անհրաժեշտության կենցաղային գույքի ձեռքբերման նպատակով, ինչպես, օրինակ, լվացքի մեքենա, սառնարան, մահճակալ, գազօջախ և նմանատիպ այլ գույք, որոնք լուծում են բռնի տեղահանվածների առաջնային կարիքները և բարձրացնում են նրանց կյանքի որակը», - ասաց Թութխալյանը։

Նրա խոսքով՝ նպատակ ունեն հզորացնել ծրագրում ընդգրկված ընտանիքների տնտեսությունը, այդ թվում՝ արտադրական ակտիվների տրամադրմամբ՝ աշխատանքային միջոցների կամ դրանց ձեռքբերման համար գումարի տրամադրում, ուսուցման և վերապատրաստման դասընթացների կազմակերպում և դրանց համապատասխան աշխատանքային գործիքների տրամադրում, աջակցություն՝ գիտելիքներին և հմտություններին համապատասխան աշխատանքի տեղավորման հարցում և աշխատավարձի սուբսիդավորում, ինչպես նաև աջակցություն փոքր բիզնեսների հիմնման հարցում։ Բացի այս, ծրագրի շահառուներին տրամադրվում է սոցիալ-հոգեբանական աջակցություն, այդ թվում՝ ուղղորդում և խորհրդատվություն բնակության վայրում համապատասխան ծրագրեր իրականացնող պետական կառույցներ կամ հասարակական կազմակերպություններ, պետական և համապատասխան այլ կառույցներ՝ հոգեբանական աջակցության և ֆիզիկական առողջության հարցերի կարգավորման վերաբերյալ, աջակցություն ընտանիքներին՝ հոգեբանական բարդ իրավիճակից դուրս գալու նպատակով․

«Ծրագրի երկարաժամկետ բաղադրիչի տևողությունը 12 ամիս է (2023թ. դեկտեմբեր 1-ից 2024թ. նոյեմբեր 30), և առաջին փուլի ավարտից հետո այն երկարաձգվելու է։ Իսկ միանվագ ծրագրի տևողությունը մինչև 3 ամիս է (2024թ․ հունվար 2-ից մարտ 31)։ Աջակցության չափը երկարաժամետ բաղադրիչի պարագայում ընտանիքի համար կազմում է 5100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից կեցության համար՝ 2000 ԱՄՆ դոլար, կենսապահովում՝ 3000 ԱՄՆ դոլար սոցիալ-հոգեբանական (առողջապահական)՝ 100 ԱՄՆ դոլար։ Կարճաժամկետ բաղադրիչի պարագայում տրամադրում է նվեր քարտեր յուրաքանչյուր ընտանիքին՝ 500 (մինչև 5 անդամ) և 1000 (6 և ավել անդամ) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով»,- մանրամասնեց AMAA Armenia-ի գործերի կառավարիչ Նարեկ Թութխալյանը։

Այս պահին ծրագրում արդեն ընդգրկված է 80 ընտանիք, որոնց հետ աշխատում են կազմակերպության սոցիալական աշխատողները, որոնք ևս Արցախից բռնի տեղահանվածներ են։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական