Հասարակություն

Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ

Այժմ Հայաստանում դուք կարող եք օգնել բարեգործական կազմակերպություններին Yandex Go հավելվածի միջոցով: Նոր «Օգնենք միասին» բաժնում օգտատերերը կարող են ընտրել, թե որքան գումար են ցանկանում փոխանցել աջակցության համար, որն էլ կավելացվի ընթացիկ ուղևորության արժեքին: Յուրաքանչյուր ամսվա վերջում Yandex Go-ն իր կողմից կկրկնապատկի նվիրատվությունների միջոցով հավաքված գումարը՝  մեծացնելով իր ներդրումը բարեգործական կազմակերպություններին։

Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ: Գումարն ընտրելուց հետո օգտատերը բաժանորդագրվում է նվիրատվությանը, իսկ տվյալ գումարն ավելացվելու է յուրաքանչյուր ուղևորության արժեքին: Որպեսզի գործառույթն աշխատի՝ պատվիրելիս հարկավոր է ընտրել վճարման եղանակը՝ նշելով հավելվածում կցված բանկային քարտը: Նվիրատվության բաժանորդագրումը կարելի է միացնել և անջատել ցանկացած պահի՝ հավելվածի ձախ անկյունում գտվող ընտրացանկում: Ընկերությունը մտադիր է ընդլայնել այս մեխանիզմով առաջարկվող ծառայությունների ցանկը:

Հավաքագրված բոլոր միջոցները ուղղվում են ՆԻԿԱ հիմնադրամին՝ ծրագրի ենթակառուցվածքի գործընկերոջը: Այդ միջոցները նա հավասարաչափ կփոխանցի Հայաստանի չորս բարեգործական կազմակերպություններին՝ «Շտապիր դեպի բարին», «Սիթի օֆ Սմայլ», «Հայ մայրեր» և VIVA։ Հավաքագրված միջոցները կուղղվեն հիմնադրամների շահառուներին օգնելու և նրանց ծրագրերը ֆինանսավորելու համար: Բոլոր կազմակերպություններն անցել են մանրակրկիտ ստուգում, և Yandex Armenia-ն յուրաքանչյուր եռամսյակի վերջում կտրամադրի թափանցիկ հաշվետվություն:

«Սոցիալական պատասխանատվությունը ժամանակակից հասարակության զարգացման կարևոր ոլորտներից է: «Օգնենք միասին» նախագիծը ստեղծվել է որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ հնարավորություն ունենա դառնալ սոցիալապես պատասխանատու և սկսի օգնել: Մեր խնդիրն է զարգացնել հայկական ՀԿ-ները և օգնել մեծացնել տրամադրվող օգնության ծավալը, ինչպես նաև հասարակության ուշադրությունը հրավիրել նշանակալի սոցիալական նախագծերի վրա: Հրավիրում ենք ձեզ դառնալու մեր երկրի հասարակական կյանքի մասը»։

Նշում է Ագնեսա Սարգսյանը՝ «ՆԻԿԱ» հիմնադրամի տնօրենը։