ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Համլետ Սահակյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը Բուդապեշտում մասնակցել են Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) ամենամյա գլխավոր միջոցառմանը՝ ՀՄՆԿ 28-րդ Ընդհանուր համաժողովին։
ՀՄՆԿ Ընդհանուր համաժողովն այս տարի անցկացվում է «Տվյալների մասին գիտության կիրառումը՝ հարկային մարմինների ներուժի զարգացման և հնարավորությունների ընդլայնման հարցում» խորագրի ներքո։
Համաժողովի ընթացքում մասնակիցները հավանություն են տվել կազմակերպության 2023 թվականի գործունեության, ֆինանսական և աուդիտորական հաշվետվություններին։
Քննարկման արդյունքում հաստատվել է նաև ՀՄՆԿ 2025 թվականի միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվում է տարվա ընթացքում կազմակերպել լավագույն փորձի ուսումնասիրմանը և փոխանակմանը միտված մոտ երկու տասնյակ տարբեր ձևաչափերով դասընթացներ, վեբինարներ, համընդհանուր և տարածաշրջանային կոնֆերանսներ։ Հաջորդ տարվա համար ընտրվել են ՀՄՆԿ Գործադիր խորհրդի անդամները, ինչպես նաև հաստատվել է կազմակերպության աուդիտորական թիմի կազմում երկամյա ժամկետով Հունաստանի հարկային մարմնի ներկայացուցչի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպությունը միջազգային մասնագիտական կազմակերպություն է, որի անդամներն են Եվրոպայի (այդ թվում՝ Հարավային Կովկասի) 44 պետությունների հարկային մարմինները։ Հայաստանը` ի դեմս Պետական եկամուտների կոմիտեի, անդամակցում է կազմակերպությանը 2010 թվականից։