Հասարակություն

Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է EuroPris-ին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է EuroPris-ին (Բանտերի և ուղղիչ հիմնարկների եվրոպական կազմակերպություն):

Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը կառույցին անդամակցելու հայտը ներկայացրել էր կազմակերպության նախագահին: Հայտում Գրիգորյանը ներկայացրել էր Քրեակատարողական ծառայության ներկա վիճակը, նախատեսված բարեփոխումների ծրագրերն ու ուղղությունները, դրանց ընթացքը, կազմակերպությանն անդամակցելու ակնկալիքները:

EuroPris-ի տնօրենների խորհրդում Քրեակատարողական ծառայության՝ կազմակերպությանն անդամակցելու հայտն ընդունվել է միաձայն:

Կառույցին անդամակցում են Եվրոպայի խորհրդի տարածաշրջանի 39 անդամ երկրների քրեակատարողական մարմիններ, որոնք ստեղծել են լավագույն փորձի փոխանակման լայն ցանց: EuroPris-ին անդամակցությունը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը կտա մի շարք առավելություններ, ներառյալ՝ Եվրոպական համայնքի բանտային մասնագետների և ղեկավարների շրջանում միջազգային կապեր հաստատելու հնարավորություններ, EPIS (Եվրոպական բանտային տեղեկատվական համակարգ) և KMS (գիտելիքների կառավարման համակարգ) առանցքային ռեսուրսների տվյալների բազաների հասանելիություն, բանտային համապատասխան թեմաների վերաբերյալ փորձագիտական խմբերում ակտիվ մասնակցություն: