Հասարակություն

Մարզերում մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք են հանձնել ոստիկաններին

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Արդյունավետ էր հատկապես ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։

Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում արձանագրվել է 2 ինքնաձիգ, օդաճնշիչ հրացան ու ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։

Որսորդական հրացան, ինքնաշեն ատրճանակ և ռազմամթերք կամավոր հանձնելու առումով արդյունավետ էր Ապարանի և Արագածի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը․ արձանագրվել է 2 դեպք։

Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արծվաբերդ գյուղի մի բնակիչ բաժին է բերել որսորդական հրացան և ռազմամթերք։

Եղեգնաձորի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, 2 ինքնաշեն ատրճանակ, երկփողանի համակցված հրազեն և ռազմաթերք կամավոր հանձնելու 3 դեպք։

Դրական արդյունք է տվել նաև Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը. արձանագրվել է ինքնաշեն ինքնաձիգ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։

Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։