Հասարակություն

Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը հունիսի 15-ին այցելել են Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց, հանդիպել բնակիչների և տեղի տնտեսվարողների հետ։

Այդ մասին հայտնում են Լոռու մարզպետարանից։

Բնակիչները ներկայացրել են իրենց մտահոգությունները գույքի փոխհատուցման, բնակապահովման և այլ հարցերի վերաբերյալ:

Մարզպետ Արամ Ղազարյանը նրանց տեղեկացրել է աղետի գոտու բնակավայրերին ուղղված պետական աջակցության նախատեսվող ծրագրերի մասին:

Մարզպետն ընդգծել է, որ ՀՀ կառավարության կողմից առաջիկայում փոխհատուցման հստակ ծրագրեր կառաջարվեն՝ ուղղված ինչպես բնակիչներին, այնպես էլ՝ տնտեսվարողներին։

Քանի որ արդեն գործարկվել է Ալավերդուց դեպի Այրում վնասված երկաթգիծը, մարզպետը, բնակիչներին հորդորել է նաև զգոնություն ցուցաբերել։

Քաղաքացիներն իրենց շնորհակալությունն են հայտնել ամենօրյա հոգածության և աջակցության լայնածավալ աշխատանքների համար: