Հասարակություն

Ովքե՞ր կարող են օգտվել տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը: Ըստ այդմ՝ սահմանվում է 2020 թ. սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված՝ ծրագրի պահանջներին բավարարող շահառուներին հավաստագրերի տրամադրման, հիփոթեքային վարկերի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանն ուղղված աջակցության գումարների տրամադրման և օգտագործման հետ կապված գործընթացները, ինչպես նաև աջակցության դադարեցման հիմքերը և ընթացակարգը: Արդյունքում՝ կապահովվի ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 25,000 ընտանիքների համար բնակարանային հասանելիությունը: Հունիսի 15-ից շահառուները արդեն կարող են առցանց դիմումներ ներկայացնել: Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը, բնակարանի ձեռքբերման համար հավաստագիրը ևս ուղարկվելու է էլեկտրոնային եղանակով, այն կուղարկվի էլեկտրոնային փոստի հասցեներին: Ըստ փոխնախարարի՝ հավաստագրի վրա լինելու է QR կոդ, որով կարող են մոտենալ ծրագրի շրջանակում պետության հետ համագործակցող իրենց նախընտրելի բանկը և սկսել գործընթացը: Իսկ մինչ այդ, քաղաքացիները պետք է ընտրեն տունը կամ բնակարանը, որը կհամապատասխանի ծրագրի աջակցության չափին և պայմաններին: «Վաղվանից կընդունվեն դիմումներն այն դեպքերի համար, երբ շահառուները ցանկանում են գնել բնակարան կամ բնակելի տուն: Հուլիսի 15-ից կբացվի բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցողների համար հարթակը: Օգոստոսի 1-ից արդեն կկարողանանք դիմումներ ընդունել այն ընտանիքներից, որոնք ունեն գործող հիփոթեքային վարկ»,–ասել է Դավիթ Խաչատրյանը:

Փոխնախարարը նշել է նաև, որ առաջին փուլով աջակցություն են ստանալու 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, ինչպես նաև զոհվածների ընտանիքները և այն ընտանիքները, որոնք ունեն առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամ:

Վարչապետը կարևորել է ծրագրի մանրամասների վերաբերյալ պատշաճ իրազեկում իրականացնելու անհրաժեշտությունը՝ առկա բոլոր միջոցներն օգտագործելու միջոցով: Կարևորվել է նաև իրազեկման արշավին մարզպետարանների, համայնքապետարանների մասնակցությունը: «Սրանով մենք արձանագրում ենք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բնակավորման ծրագիրը մեկնարկում է, այսինքն՝ մտնում է գործնական փուլ: Որոշման շատ կարևոր և անբաժանելի մաս է, որ այս ծրագրի շահառու դառնալու համար պետք է դիմեն այն անձինք, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, այս ընթացքում դիմել և ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Այս հարցը մի քանի անգամ քննարկել ենք և եկել ենք եզրակացության, որ սա ճիշտ մոտեցում է: Մենք պետք է գնանք այս ճանապարհով, և այս որդեգրած սկզբունքը պետք է շարունակի գործել, որպեսզի մեր նպատակներից և նպատակադրումներից չշեղվենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը հավելել է, որ նախագիծն ահռելի մեծ ծավալի է և, ցավոք, հնարավոր չէ այդ հարցը 1-2 ամսում լուծել. «Սա երկարաժամկետ նախագիծ է, որը մենք պետք է ռազմավարական մոտեցմամբ, հետևողական, պլանավորված, քայլ-քայլ իրականացնենք: Այն շատ կարևոր է, իհարկե, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների կարիքները հասցեագրելու առումով: Սա ուղղակի տուն կառուցելու նախագիծ չէ, որովհետև զուգահեռ պետք է փորձենք հոգալ, նաև աջակցել, որ մարդիկ իրենց կյանքը պլանավորեն, որովհետև տունը եղավ՝ մարդը որտե՞ղ է աշխատելու, գործունեության ի՞նչ տեսակով է զբաղվելու: Մենք նաև ծրագրերի արդյունավետությունն անընդհատ բարձրացնելու խնդիր ունենք: Ես նկատի ունեմ մասնագիտական վերապատրաստումների ծրագիրը, աշխատանքի շուկայում ավելի մրցունակ լինելու ծրագիրը, ձեռներեցության հմտությունների զարգացման ծրագիրը, ունենք ծրագիր կանանց գործարար ակտիվության աջակցելու վերաբերյալ և այլն: Մենք պետք է հնարավորինս անցում կատարենք ավելի բովանդակային, այսինքն՝ մարդկանց կյանքը կազմակերպելու, բարեկեցություն կառուցելու հնարավորություն ստեղծող ծրագրի: Մեծ աշխատանք է սպասվում, որը, հույս ունեմ, հետևողական կանենք»: