Փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարել էր, թե ՔԿ-ում իրեն, որպես պաշտպանի, թույլ չեն տվել հանդիպել ձերբակալված Արտակ և Արթուր Սարգսյանների հետ՝ այդպիսով խոչընդոտելով իր փաստաբանական գործունեությանը:
Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն դիմել է քննչական կոմիտե, որտեղից հայտնել են, որ Արտակ Սարգսյանը հրաժարվել էր իր պաշտպան Արսեն Բաբայանից՝ խնդրելով տրամադրել հանրային պաշտպան․
«Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խմբի կազմում ապօրինի հրազեն պահելու կասկածանքով ձերբակալվել են Արթ. Ս.-ն և Արտ. Ս.-ն։
Նախաքննության ընթացքում Արտ. Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով, 457-րդ հոդվածի 1-ին մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Որոշում է կայացվել մեղադրյալին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին, և որոշման հիման վրա Արտ. Ս.-ն ձերբակալվել և ներկայացվել է: Ինչ վերաբերում է փաստաբանի կողմից սոցիալական ցանցերում տարածված տեղեկությանը, դա չենք մեկնաբանում․ Արտ. Սարգսյանը հրաժարվել է իր պաշտպան Արսեն Բաբայանից և խնդրել իրեն տրամադրել հանրային պաշտպան»,- հայտնեցին ՔԿ-ից: