Հասարակություն

Չորս ուժեր առաջարկում են ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անցկացնել

«Հանրապետություն», «Հանուն Հանրապետության», «Քրիստոնեաժողովրդավարական» և «Եվրոպական» կուսակցությունները, որ ձևավորել են «Ժողովրդավարական ուժերի հարթակ», առաջարկում են Հայաստանում առաջիկա 3-4 ամիսներին հանրաքվե անցկացնել՝ Եվրոպական միությանը Հայաստանի լիիրավ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով։ Չորս կուսակցությունների ղեկավարներն այսօր հանդիպել են լրագրողների հետ, ներկայացրել իրենց տեսլականը։

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասել է, որ այդ հանրաքվեի առաջարկը ՌԴ-ի գրպանից դուրս գալու ամենաարդյունավետ մեխանիզմներից մեկն է. «Հայաստանի երրորդ հանրապետության ողջ կենսագրության ընթացքում ապագային միտված որևէ ռեալ ու լուրջ առաջարկ չի եղել, իսկ Եվրոպային ինտեգրվելու մեր առաջարկը միակն է, որ երկարաժամկետ ապագային միտված մղումներ ու համատեքստ ունի»,- ասել է նա՝ հավելելով, որ խոսքը հարյուրամյակների հեռանկարի մասին է։ Սարգսյանը նաև ասել է, թե իրենք իշխանություններին ոչ թե ուլտիմատում են ներկայացնում, այլ՝ առաջարկ։

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն էլ ասել է, թե աշխարհաքաղաքական այս տուրբուլենտ ժամանակահատվածին պատասխանելու ավելի լավ միջոց, քան հանրաքվեով հանդես գալն է, չկա. «Դա խոսում է մեր քաղաքական հասունության ու խոհեմության մասին»։