Հասարակություն

Մայր տաճարի հիմնանորոգությունն ավարտական փուլում է

Մայր տաճարի հիմնանորոգությունն ավարտական փուլում է

Հունիսի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովը վարելու են հրավիրվել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Հայրենիքի առջև ծառացած արտաքին սպառնալիքների և ներքաղաքական զարգացումների մասին զեկույցներով են հանդես եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Քննարկման ընթացքում Գերագույն հոգևոր խորհուրդը խոր մտահոգությամբ է անդրադարձել ներքաղաքական խնդիրներին, անվտանգային մարտահրավերներին և հունիսի 12-ին Երևանում խաղաղ ցուցարաների նկատմամբ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի գործադրման միջադեպին։ Այս առնչությամբ ԳՀԽ հանդես է եկել առանձին հայտարարությամբ։

Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքի և վերաօծման, ինչպես նաև Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Գոհունակությամբ արձանագրվել է, որ Մայր տաճարի հիմնանորոգությունը ավարտական փուլում է։ Տեղեկացվել է սեպտեմբերի 27-29-ին նախատեսվող Մայր Տաճարի վերաօծման, Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունների և հարակից միջոցառումների նախապատրաստման փուլում իրականացված շինարարական, հրատարակչական, ծիսաարարողակարգային աշխատանքների ընթացքի մասին։ Ընդգծվել է նաև, որ վերոհիշյալ արարողություններին հրավիրված են մասնակցելու միջեկեղեցական պատվիրակություններ, մեծանուն, վաստակաշատ ազգայիններ։

Ժողովականները, ողջունելով կատարված աշխատանքները, կարևորել են պատշաճ կազմակերպումը նախանշված արարողությունների, որոնք նոր հույս և մխիթարություն պիտի պարգևեն համայն հավատավոր մեր ժողովրդին։

Ժողովի ընթացքում քննարկման առարկա են դարձել եկեղեցավարչական, թեմերի գործունեությանը, կանոնական, իրավական, կրթադաստիարակչական ոլորտներին առնչվող տարաբնույթ այլ հարցեր։ Որոշվել է 2025 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարել Եկեղեցական-ներկայացուցչական ժողով։ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և աղոթքով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական