Հասարակություն

ԱԺ-ն քննարկել է ԿԲ տարեկան հաշվետվությունը

Ազգային ժողովը քննարկել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Այն ներկայացրել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

ԿԲ նախագահի տեղեկացմամբ 2023 թվականին ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների և պահպանվող անորոշությունների պայմաններում համաշխարհային տնտեսական ակտիվությունը և պահանջարկը շարունակել են դանդաղել:

Այս զարգացումների և այդ երկրներում իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականության պարագայում միջազգային ապրանքահումքային շուկաներում դիտվել է հատկապես պարենամթերքի և էներգակիրների գների էական նվազում, ինչպես նաև համաշխարհային տնտեսությունում գնաճային միջավայրը որոշակիորեն մեղմվել է: Այս պայմաններում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ճնշումները 2023 թվականի առաջին կիսամյակում էականորեն թուլացել են, իսկ երկրորդ կիսամյակում արդեն դիտվել են գնանկումային ազդեցություններ:

Տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությունում արձանագրվել է սպասվածից բարձր ակտիվություն` պայմանավորված գերազանցապես ծառայությունների և շինարարության ոլորտում արձանագրված բարձր աճով: Զուգահեռաբար բարձր մակարդակում է պահպանվել նաև համախառն պահանջարկը, որն առաջին կիսամյակում արտահայտվել է հատկապես ծառայությունների ոլորտում դրսևորած արտաքին պահանջարկի էական ավելացմամբ:

Մարտին Գալստյանի տեղեկացմամբ 2023 թվականին ԿԲ վարչական ծախսերի նախահաշիվը կազմել է 10 մլրդ դրամ, որի դիմաց կատարողականը կազմել է 8.6 մլրդ դրամ կամ 85 տոկոս:

ԿԲ նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին: