Հասարակություն

Օրինագիծ՝ ԼՂ-ից տեղահանվածների կենսաթոշակային իրավունքի մասին

Ազգային ժողովը հունիսի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագիծը, որից հետո սկսել նախագծերի քննարկումը: Օրակարգային մի քանի հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և ««Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

Նախաձեռնության նպատակն է երկարաձգել 2023 թվականի նոյեմբերի 22-ին ընդունված թիվ ՀՕ-374-Ն օրենքի անցումային դրույթով նախատեսված ժամկետը՝ հնարավորություն տալով անձանց դիմել պետական գրանցում և պետական հաշվառում իրականացնող մարմին՝ կազմակերպությունների գրանցումը կամ անհատ ձեռնարկատերերի հաշվառումը ճանաչելու համար:

Օրինագծով հնարավորություն է տրվում Լեռնային Ղարաբաղի կուտակային համակարգում ձևավորված կենսաթոշակային խնայողությունները տեղափոխելու Հայաստանի Հանրապետությունում գործող կենսաթոշակային ֆոնդեր: Լեռնային Ղարաբաղի կուտակային համակարգի մասնակից հանդիսացող անձը կարող է դիմել իր կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար, իսկ չդիմելու դեպքում ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողն է ապահովելու  կենսաթոշակային խնայողությունների՝ ՀՀ կուտակային համակարգում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու համար անհրաժեշտ քայլերը:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հարցի համատեքստում մանրամասնելով նախաձեռնության նպատակը՝  փոխնախարարը հայտնել է, որ Կառավարությունը նախաձեռնել է այս փոփոխությունը, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար հնարավորություն ստեղծվի՝ իրենց իրավունքները լիարժեք իրացնելու և ՀՀ կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու ԼՂ-ում արդեն իսկ կուտակված մասերը՝ հետագայում մեկ կենսաթոշակային համակարգից օգտվելու համար: Այսինքն՝ նախաձեռնությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղից տեղափոխված այն անձանց, որոնք աշխատում են Հայաստանում, ստանում են աշխատավարձեր, վճարում են կուտակային կենսաթոշակի մասնաբաժիններ: «Սրանով մենք կարգավորում ենք նրանց՝ հետագայում կենսաթոշակային համակարգից օգտվելու երաշխիքները և իրավունքները»,- արձագանքելով զեկուցողին՝ պարզաբանել է Հակոբ Արշակյանը: