Հասարակություն

Ամուսնության նվազագույն շեմ կսահմանվի 18 տարեկանը՝ առանց բացառությունների

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած օրենսդրական նախագծին, որով առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների, հանել բոլոր այն կարգավորումները, որոնք վերաբերում են վաղ ամուսնություններին և անչափահաս ամուսիններին:

Գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Որոշ բացառություններով 16 և 17 տարեկանում ևս անձը կարող է ամուսնանալ:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը համոզմունք է հայտնել, որ օրենսդրական առաջարկն անհրաժեշտ քայլ է, բայց ոչ բավարար, քանի որ կան ավանդույթներ, որոնք օրենսդրական կարգավորումից դուրս են:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ևս կարևորել է փաթեթի ընդունումը, նշել, որ սա առաջին քայլն է՝ ցույց տալու նաև պետության վերաբերմունքն այս երևույթի նկատմամբ: «Պետությունն իր վերաբերմունքը պետք է արտահայտի այն հանգամանքի նկատմամբ, որ առնվազն չի խրախուսում երեխայի, մինչև 18 տարեկան անձի ամուսնությունը, բայց ինչպես կկառուցեն հարաբերությունները, դա իրենց կամարտահայտությունն է ինչպես մինչև 18 տարեկանը, այնպես էլ դրանից հետո»,- նշել է փոխնախարարը: