Հասարակություն

Կսահմանվեն կիբերհանցագործությունները, կհստակեցվի կրիպտոարժույթ հասկացությունը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է Քրեական, Քրեական դատավարության օրենսգրքերում և կից մի շարք օրենքներում փոփոխությունների նախագիծը:

Ինչպես նշել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, վերջին տարիներին նկատվում է կիբեռհանցագործությունների աճ, հաճախ դրանք վերաճում են անդրսահմանային հանցագործության և այս հանցավորության դեմ արդյունավետ պայքար մղելու տեսանկյունից կարևոր է միջպետական համագործակցությունը:

Ուստի գործնականում խնդիր է առաջանում կիբեռհանցագործությունները նույնականացնելու ժամանակ: «Հանրության շրջանում շփոթ կա այն առումով, որ այն, ինչ կատարվում է համացանցում կամ համացանցի օգտագործմամբ, կիբեռհանցագործություն է: Այդ շթոփը պետք է ցրել, որովհետև կիբեռհանցագործությունն ունի հստակ առարկա, հստակ օբյեկտ և համացանցի օգտագործմամբ ոչ բոլոր հանցագործությունները պետք է դիտարկել կիբեռհանցագործություն»,- ասել է փոխնախարարը։

Առաջարկվում է առանձին հավելվածի տեսքով սահմանել կիբեռհանցագործությունների ցանկը, որը թույլ կտա միջպետական ու ներպետական մակարդակում հստակ նույնականացնել կիբեռհանցագործությունը: Ցանկը բխում է ՀՀ միջազգային պարտավորություններից: Դրանք Բուդապեշտի կոնվենցիայով նախատեսված հանցագործություններ են:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է քրեադատավարական ընթացակարգերին: Արփինե Սարգսյանի խոսքով տարբեր համացանցային տվյալները դասակարգելու միջազգայնորեն ընդունված մոտեցում կա. բաժանորդային, փոխանցվող և բովանդակային տվյալներ: Դրանց պետք է տրվի դատախազական ու դատական վերահսկողության տեսքով երաշխիքների մակարդակ, բայց մեր օրենսդրությունը չի տարբերակում այդ տվյալները: Ըստ այդմ՝ առաջարկվում է Քրեադատավարական օրենսգրքում հստակ տարանջատել այս երեք խումբ տվյալները:

Առաջարկվում է IP հասցեն ստանալ դատական վերահսկողության շրջանակում (այժմ այն տրվում է քննիչի համապատասխան որոշման հիման վրա՝ դատախազի հաստատմամբ):

Նախատեսվում է բնակարանի խուզարկության արդյունքում ստացված էլեկտրոնային սարքերի և կրիչների համար թվային խուզարկություն իրականացնելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից նոր միջնորդություն ներկայացնելու ու միջնորդվող ապացուցողական գործողության կատարումը թույլատրելու մասին դատարանի առանձին որոշում ստանալու պահանջ, եթե դրանց ստացումը նախատեսված չէր տվյալ գործողության կատարումը թույլատրելու մասին որոշմամբ կամ ողջամտորեն չէր ակնկալվում:

Նախատեսվում է հստակեցնել կրիպտոակտիվի հասկացությունը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ ստացված տվյալներով հանցավոր գործունեության մեջ ստացված եկամուտները կրիպտոակտիվի ներգրավմամբ նախնական տվյալներով գերազանցում են 5 մլն դոլարը, իսկ 2023 թվականի կտրվածքով արձանագրվել է կրիպտոակտիվների օգտագործմամբ կատարվող 249 հանցագործության դեպք: Կրիպտոակտիվի տնօրինման հետ կապված գործողություները պետք է կատարվեն անկանխիկ գործառնությունների շրջանակում, կրիպտոակտիվի փոխանակում այլ գույքով կամ որևէ շարժական միջոցով հնարավոր չէ: Արփինե Սարգսյանի պարզաբանմամբ սա չի վերաբերում արտարժույթի մեկ այլ տեսակի փոխարկմանը: